ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում սանիտարահիգիենիկ իրավիճակի վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունների առնչությամբ հայտարարություն է տարածել քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

 

Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների սանիտարահիգիենիկ վիճակի մասին տարաբնույթ մեկնաբանություններին ի պատասխան' Քրեակատարողական վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ ս/թ ապրիլի 19-ին «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի հետ կնքնված պայմանագրի շրջանակներում ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում շարունակաբար իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային գործողությունների բարելավմանն ուղղված նախորդ տարիների համեմատ աննախադեպ աշխատանքներ: Ի դեպ այս ուղղությամբ կատարված աշխատանքները պարբերաբար լուսաբանվել են Քրեակատարողական ծառայության www.ced.am պաշտոնական կայքէջում:

 

Մասնավորապես, հուլիսի 7-ին և 26-ին, սահմանված չափորոշիչներին համապատասխան, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում կատարվել են ախտահանման և մակաբույծների ոչնչացմանն ուղղված աշխատանքներ:

 

Հավելենք, որ ՔԿ հիմնարկների բուժմասերի, բնակելի գոտիների, սանհանգույցների և խոհանոցների ախտահանման և մակաբույծների ոչնչացման աշխատանքներ կրում են շարունակական բնույթ, և այսուհետ ևս դրանք կկատարվեն յուրաքանչյուր շաբաթվա երեքշաբթի օրը:

 

Կից հրապարակում ենք «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի կողմից տրամադրված 2016թ.' ծառայությունների մատուցման թերթիկները»:

 

«Հետք» պարբերականի հրապարակման համաձայն' զինված խմբի անդամներից մեկը' Հովհաննես Հարությունյանը, հայտարարել էր, թե գիշերը չէր կարողացել աչք փակել, քանի որ խավարասերները բարձրացել էին բաց վերքի վրա: