Արարատի մարզում Սերժ Սարգսյանի տարած հաղթանակը պետք չէ կապել ո’չ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի, ո’չ Հովիկ Աբրահամյանի, ո’չ մարզպետի գործոնի հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, հավելելով, որ Արարատի մարզը հասկացող, ընկալող մարզ է:

Բացի այդ, ըստ նրա Արարատի մարզը գյուղատնտեսական մարզ է եւ այսօր այդ ոլորտին մեծ ուշադրություն է դարձվում: «Երկրի նախագահը մեր մարզի հետ շատ կապեր ունի, շատ հաճախ է եղել ու ուշադրության կենտրոնում պահել խնդիրները: Հետեւաբար' այստեղ մեծ է երկրի նախագահի գործոնը: Բնականաբար չեմ ժխտի, որ մեր գործոնն էլ կա, բայց ոչ միայն: Անուններ չեմ նշի, բայց Արարատում շատ մարդիկ կան քաղաքապետեր, համայնքապետեր, ԱԺ-ից, պետական այլ կառույցներից, որոնց միասնության արդյունքում, քաղաքապետերից նման արդյունքներ ստացանք»,- ասաց Ալիկ Սարգսյանը եւ ավելացրեց, որ ամեն ինչից անկախ ժողովուրդն է իր ընտրությունը կատարում:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն Արարատի մարզում ստացել էր 76,4 տոկոս ձայն: Այս ցուցանիշով Արարատի մարզը զիջում է միայն Գեղարքունիքի մարզին, որտեղ Սերժ Սարգսյանն ստացել է 79,7% ձայն: Ձայների քանակով այս մարզերին հաջորդում է Սյունիքը' 65,1% տոկոս ձայնով: