Միգուցե շատերի համար անակնկալ կերպով, իսկ ոմանց համար էլ՝ ոչ այնքան, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկայում վայր դնել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահի իր լիազորությունները՝ պատճառաբանելով սույն որոշումը յուր աշխատանքային ծանրաբեռնվածությամբ:Առաջին հայացքից սովորական մի բան թվացող այս որոշումը կամ հայտարարությունը կարող է, սակայն, իրականում պայմանավորված լինել ոչ թե ասենք վարչապետի աշխատանքային գրաֆիկի հագեցվածությամբ կամ մարդու հոգնածությամբ, ինչի մասին, ըստ էության, խոսվում է պաշտոնական պատճառաբանության մեջ, այլ երկրում տեղի ունեցող այն խորքային պրոցեսներով, որոնց արդյունքը դարձավ այն ապստամբական գործողությունը, որ մի խումբ ազատամարտիկներ իրականացրեցին քաղաքամայր Երևանում:


Չնայած կարող է տպավորություն ստեղծվել, թե իշխանական օղակներում առանձնապես հակված չեն, այսպես ասած, բանի տեղ դնել մի խումբ մարդկանց՝ տարբեր որակավորումների արժանացած գործողությունները, որոնք, հիրավի, աննախադեպ էին իրենց մասշտաբայնությամբ ու ստացած արձագանքով, սակայն կարծել, թե ամեն բան անհետևանք է մնալու ու տեղի ունեցածը ոչ մի հետք չի թողնելու ոմանց քաղաքական կարիերայի վրա, սխալ կլիներ. ինչ-որ մեկը պե՞տք է մեղադրվի երկրում ստեղծված այսչափ ծայրահեղ վիճակի համար, թե՞ ոչ:


Եվ ահա ամենևին էլ չի բացառվում, որ այդ մեկը լինի նա, ում վարչապետության օրոք, առանց չափազանցնելու, Հայաստանի տնտեսությունն ապրեց այնպիսի մի անկումային ժամանակաշրջան, որ պատկերացնելն իսկ դժվար է թվում: Իսկ Աբրահամյանի՝ իբր սեփական կամքով ԵՊՏՀ-ի խորհրդի նախագահի պաշտոնից առաջիկայում հրաժարվելը կարող է լինել այն առաջին քայլը, որից կսկսի այն գործընթացը, որ հետո կարող է բերել-հանգեցնել նրա՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելուն: Ասել կուզի՝ Երևանում տեղի ունեցած զինված ապստամբությունը կարող է այնպես խառնել հայաստանյան քաղաքական վերնախավը ներկայացնող դեմքերի խաղաքարտերը, որ իրենք էլ գլուխ չհանեն՝ ուր են տանում սկիզբ առած գործընթացները:

 

Իսկ այն, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հեռանալը կարող է երկրում լարված մթնոլորտի իրական լիցքաթափման հիմք հանդիսանալ, կարծում ենք, անվիճելի է, քանի որ այդ կերպ մարդկանց մոտ հույս կառաջանա առ այն, որ գոնե նոր կառավարության օրոք Հայաստանին կհաջողվի դուրս գալ այն ճահճից, որից այս կառավարության օրոք դուրս պրծնելն անիրական երազանք է թվում շատերի համար:


Թե հատկապես որ ուղղությամբ երկրում կընթանան ներքաղաքական գործընթացներն ու ինչին կհանգեցնեն այն պրոցեսները, որ սկզբնավորվել են ապստամբության առաջին իսկ օրվանից, անկասկած, կարող է ի հայտ բերել միայն ժամանակը, բայց որ ամենևին էլ չի բացառվում՝ դրանց արդյունքում որոշ չինովնիկներ առաջիկայում ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց աթոռներին, միանգամայն սպասելի է: Ի՞նչ է, մի՞թե որևիցե մեկը պատասխանատվություն չի կրելու այն ամենի համար, ինչին ականատես դարձավ ողջ աշխարհն ու զարմացավ. մեղավորը գտնված է…


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ