Հուլիսի 17-ից ծավալվող դեպքերին Գլխավոր դատախազության կողմից վերջնական գնահատական տալ դեռևս վաղ է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ազատություն ռադիոկայանը», այս մասին հուլիսի 29-ին հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

 

«Դատախազությունը փաստերին կարող է արձագանքել համապատասխան իրավական ընթացակարգի, այսինքն՝ նյութեր նախապատրաստելու, գործ հարուցելու, հաղորդումներն ընդունելու և ընթացք տալու արդյունքում միայն։ Նկատի ունենալով, որ այս ողջ ընթացքում դեռևս այդ հարցերի հետ կապված բավականին լուրջ առօրեական նոր տեղեկատվություն և նոր ընթացակարգեր էին ստացվում, հետևաբար մենք ձեռնպահ մնացինք որևէ գնահատական, որևէ կարծիք հայտնելուց և իրականացնում էինք մեր գործառույթը լռելյայն», - ասել է դատախազը՝ նշելով, որ դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախքննության օրինականության նկատմամբ։

 

«Թեև քրեական գործերը հարուցված են Քրեական օրենքի 219 և 235 հոդվածներով՝ շենքեր-շինություններ գրավելը, զավթելը, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, սակայն վաղ է խոսել որևէ արարքի իրավական վերջնական գնահատականի մասին», - ասել է Կոստանյանը՝ նշելով, որ, օրինակ, քրեական գործի հարուցման պահին դեռևս անհայտ էին բազմաթիվ փաստեր, որոնք հայտնի դարձան հարուցմանը հաջորդած օրերի ընթացքում, որոնք այլ իրավական գնահատականի հիմք են հանդիսանում։

 

Անդրադառնալով զինված խմբի կողմից շտապօգնության բրիգադին ՊՊԾ գնդի տարածքում պահելու փաստին՝ գլխավոր դատախազն ասել է. «Դեռևս վաղ է իրավական գնահատական տալ այդ փաստի կապակցությամբ, բայց կարող ենք ընդամենը ձևակերպումը հետևյալ տալ՝ եթե այդ անձինք այնտեղ գտնվում են իրենց կամքին հակառակ և բռնության, կամ սպառնալիքի միջոցով սահմանափակված է իրենց ազատ տեղաշարժվելու, առնվազն այդ վայրը լքելու հնարավորությունը, իհարկե, ֆորմալ տեսանկյունից, մենք խոսում ենք պատանդ հասկացության մասին, բայց դեռևս իրավական գնահատականներ տալ վաղ է, որովհետ և ապացույցներ քրեական գործով դեռևս մենք չունենք»։