23:17

Ի նշան բողոքի քիչ առաջ մի քաղաքացի ինքնահրկիզում կատարեց Բաղրամյան պողոտայում: Ցուցարարներին հաջողվեց հանգցնել կրակը: Վերջինս հրաժարվում է նստել ոստիկանական մեքենան: Նա ոտքով հեռացավ տարածքից:

 

 22:33

Ցուցարարները Բաղրամյան փողոցում են: Նշված հատվածում Ոստիկանությունը կենտրոնացնում է ուժերը: 

 

21:15

Ցուցարարները մեկնարկեցին երթ՝ Մաշնոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Հանրապետության Հրապարակ: Հավաքը բազմամարդ է: Այստեղ են նաև Թամար Հովհաննիսյանը և Ռուբեն Հախվերդյանը: Թե Հրապարակից հետո, որ ուղղությամբ կշարժվեն ցուցարարները՝ հայտնի չէ:

 

20:28

Հանրահավաքը մեկնարկել է Ազատության հրապարակում: Այստեղ է նաև Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով նշեց որ այսօրվա օպերատիվ խնդիրը այն է՝ քաղաքացին իր ներկայությամբ պետք է ասի, որ չի հանդուրժի այրունահեղություն:

«Մենք դատապարտում ենք ԱԱԾ-ի տարածած տգետ հայտարարությունը»,- Նիկոլ Փաշինյան:

 

20:20

Բավականին լարված և անորոշ իրավիճակ է գրավված ՊՊԾ գնդի տարածքում: Խորենացի փողոցը և Սարի թաղը հոսանքազրկվել են: Պարբերաբար լսվում են կրակոցների ձայներ:

 

17.55

Քիչ առաջ կրակոցներ լսվեցին ՊՊԾ գնդի տարածքից: ԴԵՊԻ ՊՊԾ գունդ շարժվեց Ոստիկանության զրահապատ ավտոմեքենա: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն մինչև 17.00-ն վերջնաժամկետ էր տվել ՊՊԾ գունդը գրաված զինյալներին՝ խաղաղ հանձնվելու համար: 

 

 17.26

Արդեն մի քանի օր ՊՊԾ գնդում պատանդ պահվող՝ շտապօգնության 3 բուժաշխատողներից մեկը՝ Սալվադոր Խեչոյանն, ազատության մեջ է: Այս լուրը հաստատել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Երեկ ՊՊԾ գնդում վիրավորված 2 զինյալին բժիշկն օգնել է տեղափոխվել հիվանդանոց և հայտնվել է ազատության մեջ: ՊՊԾ գնդում այս պահին պատանդի կարգավիճակում երկու բուժաշխատող կա:

 

9.30

Արդեն երկու շաբաթ է, ինչ «Սասնա ծռեր» զինված խումբը գրավել է Ոստիկանության ՊՊԾ գունդը: Երևանի Մովսես Խորենացի փողոցում այս պահին խաղաղ է, սակայն երեկոյան Սարի թաղում և Խորենացի փողոցում թեժ բախումներ են եղել ոստիկանների և ցուցարարների միջև: 

 

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը տեղեկացրեց, որ գիշերը ժամը 2-ի դրությամբ, Խորենացի փողոցում եւ Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, նախնական տվյալներով, շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի՝ 17-ամյա Սայաթ Հարությունյանի աչքը հեռացրել են, մյուսի մոտ այրվածքներ են:

 

Ծանր է գնահատվում նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին' որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։

 

Քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք խոչընդոտել են լրագրողների աշխատանքը, կոտրել տեսախցիկները, մահակներով ծեծել լրագրողներին ու օպերատորներին։ «Ազատություն» ռադիոկայանը հայտնել է, որ իր նկարահանող խմբի անդամներ Կառլեն Ասլանյանն ու Հովհաննես Մովսիսյանը ծեծի են ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։ Panorama.am-ի օպերատոր Հովիկ Գրիգորյանը տուժել է պայթուցիկից: Տուժել է նաեւ Լրագիր.am-ի օպերատորը։ Ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը:

 

Ցուցարարներին ցրելիս կոտրել, ապա հափշտակել են NEWS.am-ի թղթակցի տեսախցիկը: Քաղաքացիական հագուստով անձինք, որոնք դուրս են եկել ոստիկանների թիկունքից եւ զինված էին ոստիկանական մահակներով, նաեւ փորձել են ուժ կիրառել NEWS.am-ի թղթակցի նկատմամբ:

 

Այրվածքներ է ստացել նաեւ Ա1+-ի թղթակիցը, վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը: