Միջազգային լրատվամիջոցներն անդրադարձել են երեկ Երևանի Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին:

Այդ անդրադարձները հիմնականում նկարագրողական և ոչ վերլուծական բնույթի են և գնահատականներ չեն պարունակում:

Այսպես, հեղինակավոր Reuters գործակալությունը գրում է. «Մոտ 5000 ցուցարարներ չորեքշաբթի օրն իրենց բողոքն են արտահայտել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրության կապակցությամբ՝ հայտարարելով, որ այդ հաղթանակը պարուրված է կեղծիքներով: Ընտրություններում Սերժ Սարգսյանին հաջորդող թեկնածուի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները հավաքվել են մայրաքաղաք Երևանի Ազատության հրապարակում՝ դատապարտելով, ինչպես իրենք են անվանում, չհաշվարկված քվեաթերթիկների դեպքերը և այլ խախտումները»:

«Սահմանադրությունը պետք է հաղթի կեղծիքին», - Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքերն է մեջբերում Reuters-ը՝ շեշտելով ազգային դրոշի առաջ ծնկի գալու հանգամանքը: Ըստ աղբյուրի՝ Հովհաննիսյանը չի նշել՝ արդյո՞ք պաշտոնապես բողոքարկելու է երկուշաբթի կայացած ընտրության արդյունքները, որում Սարգսյանը հավաքել է 58.6 տոկոս՝ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ԱՄՆ-ում ծնված նախկին արտգործնախարարի մոտ 37 տոկոսի դիմաց:

«Ոստիկանությունը նշում է, որ ստացել և ուսումնասիրում է խախտումների դեպքերը: Սարգսյանի ամենահայտնի հակառակորդներից ոմանք չմասնակցեցին ընտրություններին՝ հայտարարելով, որ ձայները կխեղաթյուրվեն՝ հօգուտ գործող նախագահի»,- շարունակում է Reuters-ը:

Այնուհետև գործակալությունը ուշադրություն է հրավիրում Հայաստանի հետ կապված գեոքաղաքական որոշ հանգամանքների: Մասնավորապես, նշվում է, որ օտարերկրյա կառավարությունները և ներդրողները չեն ցանկանում 3.2մլն բնակչությամբ մեր երկրում խժդժությունների որևէ դրսևորում տեսնել, քանի որ այն ընկած է կասպիական նավթը և բնական գազը Եվրոպա տանող անկայուն տարածաշրջանում:

Reuters-ը հիշեցնում է նաև, որ 2008թ. ընտրությունների ընթացքում սպանվել են 8 ցուցարարներ և ոստիկանության 2 աշխատակիցներ: «Այնուամենայնիվ, երկուշաբթի՝ քվեարկության օրը, բռնություններ չեն գրանցվել»,- եզրափակում է աղբյուրը:

ABC News-ը հայտնում է, որ Հայաստանում նախագահի թեկնածուներից մեկի մոտ 5000 կողմնակիցներ իրենց բողոքն են արտահայտել ընտրությունների արդյունքների կապակցությամբ:

«Նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի օրը կայացած ընտրություններում հաղթակակ է տարել պաշտոնական տվյալներով մոտ 59% քվեներով. այս ցուցանիշին ամենամոտ արդյունքը ստացած թեկնածուն՝ ԱՄՆ-ում ծնված Րաֆֆի Հովհաննիսյանը, ստացել է ընտրողների ձայների 37% -ը,- նշում է աղբյուրը և հավելում, - Րաֆֆի Հովհաննիսյանը՝ 1991թ. Սովետական միության փլուզումից հետո Հայաստանի առաջին արտգործնախարարը, անարդար և կեղծված է որակել ընտրությունները և հայտարարել, որ ինքն է իրական հաղթողը»:

Չորեքշաբթի օրը մոտ 5000 ցուցարարներ հավաքվել են մայրաքաղաքում՝ իրենց աջակցությունը հայտնելով Հովհաննիսյանին, ով իր մրցակցին կոչ է արել գալ Ազատության հրապարակ: Հովհաննիսյանի կողմնակիցներից շատերը հայտարարել են, որ գիշերելու են հրապարակում, նշում է ABC News-ը: