Խորենացու փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառման արդյունքում վնասվածքներ ստացած և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում հոպիտալացված 50 մարդկանցից 36-ը դուրս է գրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԲԿ-ի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:

 

Նրա տեղեկացմամբ' այրվածքներ ստացած հիվանդը, ում վիճակը գնահատվել է ծանր, տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության գիտական կենտրոն: Մնացած 13 հիվանդներից 7-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: «17-ամյա տղայի աչքն է վիրահատվել, մնացածի վիճակը կայուն է, ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում»,-ասաց «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ փոխտնօրենը:

 

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով' Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի բժշկական հաստատություններ են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 73 տուժած։