Այն, ինչ երեկ երեկոյան տեղի է ունեցել Խորենացի փողոցում և Սարի թաղում, վեր է ամեն տեսակ երևակայությունից: Երբ մարդկանց խումբն Ազատության հրապարակից շարժվում էր դեպի ՊՊԾ գունդ, դժվար էր պատկերացնել, որ երթն ընդհատվելու է կրակոցներով և պայթյունով: Սարի թաղում ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է հատուկ միջոցներ: Տասնյակ մարդիկ, այդ թվում լրագրողներ, ենթարկվել են բռնության, վիրավորվել են, տասնյակ մարդիկ էլ բերման են ենթարկվել: Թվերի լեզվով խոսելն արդեն անիմաստ է, որովհետև խոսուն է արդեն այն փաստը, որ Երևանի կենտրոնում գտնվող թաղամասը վերածվում է ռազմական գործողությունների թատերաբեմի՝ վնասված գազատարով, հրդեհով վիրավորներով: 

 

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասում է, որ որոշ մարդիկ փորձել են թափանցել ՊՊԾ գնդի տարածք: Եթե նույնիսկ այս ինֆորմացիան ճիշտ է, ու անգամ այն պարագայում, որ ես չեմ հասկանում զինված խմբին աջակցողների քաղաքական մոտիվացիան, միևնույն է, ուժայինների գործողություններն անհամաչափ են, անհասկանալի են արձակված կրակոցները, մարդաորսը: Եվ սա այն պարագայում, երբ պաշտոնապես արտակարգ դրություն հայտարարված չէ, իսկ իշխանությունը ձևացնում է, թե աշխատում է բնականոն հունով: Հատկանշական է, որ լարվածության էպիկենտրոնի վերծված Երևանում երեկ հրավիրված Կառավարության նիստն առհասարակ շրջանցել է ՊՊԾ-ի շուրջ ստեղծված իրավիճակը:

 

Լարվածության երկրորդ օջախը երեկ երեկոյան արձանագրվել է հենց ՊՊԾ գնդի շուրջ: Զինյալների և ոստիկանների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչի հետևանքով ևս երկու զինյալ տեղափոխվել է հիվանդանոց: Զինված խմբի մյուս վիրավորված անդամը՝ Արայիկ Խանդոյանը, հրաժարվել է լքել ՊՊԾ գնդի տարածքը: 

 

Միջազգային հանրությունը շարունակում է ուշադրությամբ հետևել իրադարձությունների զարգացմանը: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը զինյալներից պահանջել է ազատ արձակել պատանդառված բուժանձնակազմին, բայց նաև իշխանություններին հորդորել է պահպանել քաղաքացիների ազատությունները: Այն հանգամանքը, որ մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը երեկ ընդունել է ժամեր առաջ ազատ արձակված հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանին, հուշում է, որ ամերիկացիները, մեղմ ասած, հակված չեն հիմք ընդունել իրադարձությունների բացառապես իշխանական վարկածը և ցուցացադրական ժեստ են անում՝ զորակցելով քաղաքացիական հասարակությանը: 

 

Հուլիսի 29-ը ՊՊԾ գնդի գրավումից հետո ամենալարված ու դրամատիկ օրն էր: Ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման հնարավորություններն ավելի մշուշոտ են դառնոււմ: Իշխանության անգործությանն ու ընդդիմության չգոյությանը գումարվում է նաև գեթ մեկ հեղինակավոր մարդու բացակայությունը, ով կարողանար կանխել դեպքերի աննպաստ ընթացքը: 

 

Սարգիս Հակոբյան