Քաղաքական ակտիվիստ Կարո Եղնուկյանի կալանավորման գործի շրջանակում վաղուց հրաժեշտ են տվել իրավաբանությանը և մեղադրանքները կարծես թե առաջադրել են բանասերները:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ազատազրկում է հասնում մինչև 20 տարի:

 

Պաշտպանի խոսքով՝ Կարո Եղնուկյանին մեղադրանք է առաջադրվել տեղեկություններ տարածելու համար՝ նախ տարածել է ինֆորմացիա այն մասին, որ զինված տեխնիկայի շարժում է նկատել և տեղեկություն է տարածել, որ ոստիկանության տրամադրված սննդի պատճառով մարդիկ թունավորվել են:

 

Ըստ մեղադրանքի՝ Կարո Եղնուկյանը նաև միջոցներ է ձեռնարկել, որպեսզի քաղաքացիներին տեղափոխի Խորենացի փողոց և ձգտել է ռադիոկապ տրամադրել գնդի անդամներին: Փաստաբանը նկատում է նաև, որ սա այն դեպքն է, երբ մարդն ընդամենը ցանկություն է ունեցել, բայց չի կատարել:

 

«Բանասերի նման մեղադրանք են առաջադրում: Մեր դատական համակարգը տասը տարի հետ է գնացել: Այդքան գումարներ են ներդրվել մեր դատաիրավական ոլորտը բարեփոխելու համար, սակայն երևում է, թե ինչպես է այս գործերում մեր համակարգն այդքան հետ գնացել»,-ասաց պաշտպանը:

 

Վերջինս մի դրական բան ևս ասաց, որ ԱԱԾ պահման վայրում նորմալ պայմաններ են ստեղծվել Կարո Եղնուկյանի համար, նրան տրամադրվել է հատուկ շնչառական սարք: