Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանին (Միայնակ գայլին):

 

Նշենք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):

 

Որպես պատանդի՝ մեղադրող կողմը դիտարկում է բժիշկներին, որոնք վերջին շրջանում պահվել էին գնդում՝ վիրավորներին բուժօգնություն ցույց տալու համար: Հետաքրքրական է այն փաստը, որ Արայիկ Խանդոյանն այդ ժամանակահատվածում եղել է ոչ թե պատանդ պահողի կարգավիճակում, այլ բուժօգնություն ստացողի: 

 

Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նրա փաստաբան Արա Ղարագյոզյանը նշեց, որ որպես նախնական խափանման միջոց կալանք նշանակելն անհիմն էր, և դատավորը փաստացի քաղաքական պատվեր էր կատարում:

 

Նշենք, որ խափանման միջոցի ընտրությունը հիմնավորվել էր Արայիկ Խանդոյանի հնարավոր փախուստը կանխելու համար:

 

Այս մասով փաստաբան Ղարագյոզյանը հավելեց. «Մենք էլ կարող ենք բազմաթիվ հիմքեր ներկայացնել, որ Արայիկ Խանդոյանը մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրից ներկա է գտնվել, նա պետությունից փախչելու որևէ տեղ չունի»: