Պետությունների ու կառավարությունների մինչև 30 ղեկավարներ են պլանավորում այցելել Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկող Օլիմպիական խաղեր: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրազիլիա են պատրաստվում այցելել 50 երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ: Լատինամերիկյան պետություններից Խաղերի բացման արարողությանն իրենց ներկայությունն արդեն հաստատել են Արգենտինայի և Պարագվայի նախագահները: Չինաստանը 2016-ի Օլիմպիադա կուղարկի միայն փոխվարչապետի, չնայած Բրազիլիայի հետ ունեցած սերտ առևտրական հարաբերություններին: Եվրոպական պետությունների ղեկավարներից կմասնակցեն Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Պորտուգալիայի նախագահները:

ԱՄՆ-ի պատվիրակությունը կգլխավորի պետքարտուղար Ջոն Քերին:

Հուլիսի 25-ին Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահը չի պլանավորում մասնակցել Օլիմպիադայի բացմանը, որն օգոստոսի 5-ին կայանալու է «Մարականա» մարզադաշտում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

31-րդ ամառային Օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-ից մինչև 21-ը: