Եվրամիության յոթ երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը, Մալթան, պլանավորում են ստեղծել «Եվրոպայի հարավի դաշինք»՝ հանրակցության խիստ խնայողության քաղաքականության դեմ պայքարելու նպատակով: Այդ մասին հայտնել է «ԵվրԱկտիվ» բրյուսելյան Էլեկտրոնային պորտալը:

 

Հրատարակության տվյալներով՝ այդ հարցը քննարկելու համար Հունաստանի կառավարությունը հարավային երկրների ղեկավարությանը սեպտեմբերի 9-ին խորհրդաժողովի է հրավիրել Աթենք:

 

«Այն կենտրոնանալու է ընդհանուր խնդիրների վրա, որոնք ԵՄ-ի առջև ծառացած են տնտեսական, քաղաքական ու ինստիտուցիոնալ մակարդակով, և հատկապես խիստ խնայողության, ֆինանսական կարգապահության և միգրացիայի հարցերի վրա»,-գրում է պորտալը:

 

«ԵվրԱկտիվը» նշում է, որ ԵՄ-ի՝ հունիսի 28-29-ին Բրյուսելում կայացած վերջին գագաթնաժողովի ժամանակ Հունաստանի և Իտալիայի ղեկավարներն արդեն քննարկել են «Եվրոպայի հարավի դաշինքի» ստեղծման հնարավորությունը: «Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան, հավանաբար, պաշտպանում են այդ ուղեգիծը, հատկապես Brexit-ից հետո»,-ընդգծում է պորտալը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: