Դիրքերում սպանված 19-ամյա զինծառայող Գոռ Ղազարյանը Ռուսաստանից վերադարձել էր Հայաստան' իր պարտքը հայրենիքին տալու համար: Ավելին' նրա ծնողները Ռուսաստանում են տեղեկացել որդու մահվան մասին եւ այսօր արդեն հասել են Հայաստան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Բերդավան գյուղի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը:

Նրա խոսքով' Ղազարյանների ընտանիքը 90-ականներին է տեղափոխվել Ռուսաստան, իսկ անցյալ տարի Գոռը եկել է Հայաստան, որ ծառայության մեկնի:

«Ծնողներն այնտեղ են տեղեկացել կատարվածի մասին եւ այսօր արդեն եկել են: Լուրը մենք չենք հայտնել նրանց: Մենք դեռ շոկի մեջ ենք, երեխան վերադարձել էր հայրենիք ծառայության համար ու նման բան ստացվեց: Շատ քչերն են նման քայլի դիմում: Գոռը ընտանիքի միակ տղան էր: Նա իրենից փոքր մեկ քույր ունի»,- ասաց գյուղապետը եւ ավելացրեց, որ նախնական տեղեկություններով Գոռը հակառակորդի դիպուկահար կրակոցից է զոհվել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ փետրվարի 19-ին, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում, հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող Գոռ Արթուրի Ղազարյանը (ծնված 1992 թվականին): ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից հայտնել են, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: ԼՂՀ ՊԲ-ն կիսում է ծանր կորուստն ու վիշտը ու իր ցավակցությունը հայտնել զոհվածի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Նշենք, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի փետրվարի 19-ին ստորագրած հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Ղազարյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: