Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը վաղն աշխատանքային այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում ՀՀ նախագահի ամենակարևոր հանդիպումը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն է: Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում, ըստ ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության, «նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկեր երկու պետությունների միջև մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար, երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող հարցեր:

 

Նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը մտքեր կփոխանակեն նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների շուրջ»:


Թեև վերը մեջբերված պաշտոնական հաղորդագրության մեջ ուղղակիորեն ոչինչ չի նշված ԼՂՀ հիմնախնդրի քննարկման մասին, սակայն կասկածից դուրս է, որ երկու պետությունների քաղաքական օրակարգի առանցքային հարցերի և տարածաշրջանային մի շարք արդիական խնդիրների թվում ամենաառանցքայինը հենց ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումն է լինելու: Ավելին. կասկած չկա նաև, որ ղարաբաղյան հիմնախնդիրը եղել է երեկ Բաքվում Ադրբեջանի և Իրանի նախագահների հետ ՌԴ նախագահի հանդիպման ընթացքում քննարկված առավել կարևոր հարցերից մեկը, և այսօր էլ Սանկտ Պետերբուրգում Թուրքիայի նախագահի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ընթացքում քննարկումների առանցքային թեմաներից մեկն է լինելու կամ գուցե արդեն եղել է:

 

Ինչ է ուզում Ռուսաստանը և ինչու

Թե ինչի է ձգտում ու ձգտելու Ռուսաստանը ԼՂ հակամարտության հարցում, երեկ Բաքվում բացեիբաց և անկեղծորեն հայտարարել է ՌԴ նախագահը: Ընդ որում, նա նորություն չի ասել, այլ կրկնել է նախկինում ասածը: Վլադիմիր Պուտինը, ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցման, հայտարարել է, թե Ռուսաստանը ձգտելու է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ԼՂ հակամարտության փոխզիջումային և երկուստեք ընդունելի լուծում գտնեն:

 

«Դուք նշեցիք Ղարաբաղի մասին,- ասել է Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հանդիպմանը,-դա իրոք խնդիր է, որը մեզ բաժին է հասել մեր խորհրդային անցյալից: Գիտեմ՝ որքան սուր է այդ հարցը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար: Մենք ձգտելու ենք հասնել այն բանին, որ Հայաստանն ու Ադրբեջանը այնպիսի լուծում գտնեն, որը կլինի փոխզիջումային, բայց երկուստեք ընդունելի»:

 

ՌԴ նախագահը նաև հավելել է. «Որպեսզի այստեղ չլինեն հաղթողներ, այլ հաղթեն երկու երկրների ժողովուրդները, և երկու պետություններն էլ զգան, որ իրենք այդ բարդ խնդիրը լուծեցին ի շահ այսօրվա և ապագա սերունդների»,-հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

 

Շատ գնահատելի է, որ ՌԴ նախագահը գիտակցում ու կարևորում է որոնվող լուծման ոչ միայն փոխզիջումային, այլև երկուստեք ընդունելի լինելու անհրաժեշտությունը, այսինքն՝ այնպիսի լուծում գտնելու, որը թեկուզ փոխզիջումային, չի լինի պարտադրված ու չի ունենա ժամանակավոր բնույթ, այլ երկուստեք ընդունելի համարվելով, խաղաղություն կապահովի այսօրվա և ապագա սերունդների համար: Սակայն այդպիսի լուծում, ցավոք, գոյություն չունի և Ադրբեջանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության պաշտոնավարման ընթացքում չի էլ կարող գոյություն ունենալ: Այն, ինչ Հայաստանի կողմից կարող է ընդունելի համարվել, Ալիևի ու նրա վարչակարգի կողմից միանշանակ անընդունելի է համարվում: Մերժելով Կազանի փաստաթուղթը, Ադրբեջանը նույնիսկ անընդունելի է համարել իրեն յոթ շրջանների հանձնման դիմաց Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն միջանկյալ կարգավիճակ, իսկ հետագայում (անորոշ ժամանակ հետո) ինքնորոշման հանրաքվե անցկացնելու իրավունք տալու գաղափարը, ինչը, կասկած չունեմ, անընդունելի է հայ ժողովրդի կողմից: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ, ինչպես հայտնի է, վերջերս հերթական անգամ բացառեց Հայաստանի կողմից միակողմանի զիջումը և Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի գտնվելը: Իրավիճակի փակուղային լինելը, կարծում եմ, գիտակցում է նաև Վլադիմիր Պուտինը
«Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ մենք բնավ չենք փորձում Ադրբեջանին և Հայաստանին պարտադրել ինչ-ինչ պատրաստի դեղատոմսեր,- ադրբեջանական «ԱզերԹԱջ» պետական լրատվական գործակալությանը օրերս տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահը,-կողմերն իրենք պետք է համաձայնության գան՝ առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի լուծում, սա է մեր հաստատ դիրքորոշումը»:

Պուտինը պարզապես չի ասել, որ իրենք կողմերին նույնիսկ ցանկության դեպքում էլ չեն կարող պարտադրել նրանց համար անընդունելի լուծումներ: Ադրբեջանի պարագայում չկարողանալն այլ բացատրություն ունի, Հայաստանի պարագայում շատ լավ գիտակցում են, որ եթե մինչև իսկ կարողանան նախագահին համոզել կամ նրա վրա ճնշում գործադրելով, պարտադրել, ապա, միևնույն է, ժողովրդական հզոր ընդվզումն այդ պարտադրված պայմանավորվածության քարը քարին չի թողնելու: Հետևաբար այս ամենը գիտակցելով, անընդունելի լուծումների պարտադրումն ի սկզբանե անիմաստ են համարում ու չեն փորձում պարտադրել:

Սակայն, կա մի բան, որը Ռուսաստանն առայժմ դեռ կարողանում է պարտադրել Ադրբեջանին. դա Ղարաբաղի և ՀՀ-ի դեմ մեծ պատերազմի սանձազերծումից, տարածաշրջանի ու միգուցե աշխարհի փխրուն հավասարակշռությունը խախտելուց ձեռնպահ մնալն է: «Առայժմ» բառն եմ օգտագործում ու վերապահումով արտահայտվում, որովհետև այդ առումով Ռուսաստանի հնարավորություններն անսահմանափակ չեն, ավելի ճիշտ, այնքան մեծ չեն, որքան թվում է ոմանց: Հայաստանին և Ղարաբաղին հիմա խաղաղություն պարտադրելն անիմաստ է, քանի որ մենք որպես պատերազմում հաղթած և արդարությունը թեկուզ մասնակիորեն վերականգնած կողմ, ամենևին մտադիր չենք Ադրբեջանի դեմ պատերազմ սանձազերծել:

 

Ահա հենց սա է Ռուսաստանի առաջնահերթ ցանկությունը՝ ոչ մի դեպքում թույլ չտալ, որ այստեղ մեծ պատերազմ բռնկվի, որովհետև շատ լավ գիտակցում է, որ դրանում, ուշ թե շուտ, հարկադրված է լինելու ներքաշվել նաև ինքը: Հենց սա եղավ որոշիչը, որ ապրիլյան պատերազմն ավելի մեծ մասշտաբների չհասավ և կողմերի վրա Ռուսաստանի ճնշմամբ ապրիլի 5-ին դադարեցվեց: Մենք արդեն հաջող հակագրոհի էինք անցել, թշնամու գրաված տարածքներն ազատելու և հարձակման համար նրան արժանիորեն պատժելու խնդիր ունեինք, սակայն Ադրբեջանը դա կանխելու համար սպառնաց խփել Ստեփանակերտին, մենք էլ, ի պատասխան դրա, հայտարարեցինք Բաքվին, հետո էլ' Ադրբեջանի նավթի ու գազի կոմունիկացիաներին հարվածելու մասին: Եթե դա արդեն տեղի ունենար, նույնիսկ Ռուսաստանին արդեն չէր հաջողվի կանգնեցնել մեծ պատերազմը, դրա համար էլ նա, անկախ նրանից, թե ապրիլի 5-ի դրությամբ կողմերը պատերազմում ինչ հաջողություններ ու կորուստներ ունեին, շտապեց հանգցնել պատերազմի հրդեհը, քանի դեռ այն ավելի մեծ մասշտաբներ չէր ընդունել:

 

Խնդիրն այն է, որ մեր թշնամու կողմից մեծ պատերազմի սանձազերծման դեպքում, եթե կողմերից ոչ մեկն արտաքին ռազմական օգնություն չստանա այլ պետության զինված միջամտությամբ, թեկուզ մեծ զոհողությունների գնով, մենք Ադրբեջանին, ի վերջո, պարտության ենք մատնելու, հակագրոհով հասնելու ենք Գանձակ (Կիրովաբադ) ու գուցե նաև Բաքու, մեր թշնամուն կապիտուլացիա ենք պարտադրելու, ինչը, սակայն, Թուրքիան թույլ չի տա: Թուրքիայի զինված միջամտության պարագայում կանխորոշված է լինելու Ղարաբաղի և Հայաստանի պարտությունը և, միգուցե, աշխարհի քարտեզի վրայից վերանալը, ինչն էլ, իր հերթին, Ռուսաստանը չի կարող թույլ տալ՝ հարկադրված լինելով պատերազմի մեջ ներքաշվել Թուրքիայի դեմ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տարածքների վրա: Այս դեպքում Թուրքիան, իհարկե, պարտվելու է և հետ է քաշվելու ռազմական գործողությունների թատերաբեմից, ՆԱՏՕ-ն էլ ռազմական միջամտությամբ հանդես չի գալու և բանը չի հասնելու Երրորդ համաշխարհային կամ միջուկային պատերազմի, քանի որ Ռուսաստանը դա գիտակցելով, իր զորքը չի մտցնի Թուրքիա:


Սակայն, այդ պատերազմում Ռուսաստանն ունենալու է Սիրիայի պատերազմից անհամեմատ մեծ մարդկային ու ռազմատեխնիկական կորուստներ, պատերազմի ամեն մի օրը նավթի գների անկման պատճառով առանց այն էլ տնտեսապես ծանր վիճակում գտնվող Ռուսաստանի պետբյուջեից ահռելի գումարներ է քամելու, այստեղ զոհված իրենց զավակների դիակներն ընդունող ռուսների մի մասն ըմբոստանալու է Պուտինի դեմ: Թե Ռուսաստանի, Պուտինի ու նրա վարչախմբի համար ի՞նչ կարող է լինել այս ամենի հետևանքը, դժվար չէ պատկերացնել: Արևմուտքի որոշ շրջանակներ ինչպես ապրիլյան պատերազմից առաջ, այնպես էլ հիմա ձգտում են հասնել հենց այս սցենարի իրագործմանը, որպեսզի վերջնարդյունքում կարողանան ծնկի բերել Ռուսաստանը կամ տապալել Պուտինին: Նրանք ներկայիս ստատուս քվոն հրապարակայնորեն անընդունելի համարելով, ոչ հրապարակայնորեն ճնշում են գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի պատերազմ սկսի: Արևմուտքի այդ շրջանակների ջանքերը հատկապես հիմա են ակտիվանալու, ինչը շատ լավ գիտակցում է նաև Ռուսաստանը և ձգտում է հնարավոր ամեն ինչ անել՝ դա թույլ չտալու համար: Իսկ ինչո՞ւ հիմա…

 

Հրե օղակ Ռուսաստանի շուրջ

Ռուսաստանում սեպտեմբերին Պետդումայի ընտրություններն են, որոնք որոշելու են Պուտինի քաղաքական ապագան: Ներկայիս Պետդումայում թեև շատ պատգամավորներ իշխող «Единая Россия» կուսակցության կամ նշված կուսակցության խմբակցության անդամներ են, սակայն իրականում Պուտինի մարդիկ չեն, ինչը երկրի ղեկավարին թույլ չի տալիս Ռուսաստանը դուրս հանել Արևմուտքի կողմից կիսագաղութացված վիճակից: Առաջիկա ընտրություններում Պուտինի քաղաքականությանը հավատարիմ մարդիկ փորձելու են խորհրդարանում ձեռք բերել մեծամասնություն, ինչն ի չիք է դարձնելու Ռուսաստանի նկատմամբ իր ազդեցությունը, մի շարք հարցերում ուղղակի թելադրելու, պարտադրելու հնարավորությունը պահպանելու և, ի վերջո, միաբևեռ աշխարհակարգի հաստատման հասնելու Արևմուտքի պլանները:

Դա թույլ չտալու համար Արևմուտքի որոշ շրջանակներ հնարավոր ամեն ինչ անելու են, ներառյալ՝ Ռուսաստանի հարևանությամբ թեժ օջախներում (Ադրբեջանի և հայկական կողմի միջև, Ուկրաինայի և Ուկրաինայից անկախացած հանրապետությունների միջև, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև) պատերազմի բռնկմանը հասնելը, Ռուսաստանի շուրջ հրե օղակ և Պուտինի համար այնպիսի մեծ գլխացավանքներ ստեղծելը, որ նա չկարողանա երկրի ներսում իր նպատակին հասնել: Դա սպասվում է կամ ընտրությունների նախաշեմին, կամ ընտրությունների ժամանակ, կամ էլ, ինչն ավելի հավանական է, ընտրություններից հետո, երբ Արևմուտքի այդ ուժերը ընտրությունների արդյունքները բոյկոտելու համար զուգահեռաբար գործի կդնեն Ռուսաստանում գտնվող իրենց հինգերորդ շարասյունը, որը կփորձի գրեթե ամբողջ երկրում ապստամբության ալիք ծավալել' իշխանությանը տապալելու կամ գոնե թուլացնելու համար:

 

Ալիևը զանց առնելո՞ւ է չպատերազմելու ՌԴ նախագահի պահանջը՝ վառելով մեծ պատերազմի կրակը


Հիմա նորից անդրադառնանք վաղը նախատեսված Սարգսյան-Պուտին հանդիպմանը: Որևէ կասկած չունեմ, որ հանրապետության նախագահը հերթական անգամ բացառելու է Ադրբեջանի կազմում Ղարաբաղի գտնվելը, բացառելու է Հայաստանի կողմից միակողմանի զիջումը` ազատագրված տարածքների հանձնմամբ, բացառելու է նաև Հայաստանի կողմից առաջին քայլը կատարելու պայմանով հիմնախնդրի լուծման փուլային տարբերակը:


Ավելին. որոշ հիմքեր ունենալով, ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահին հայտնելու է այսուհետ հայկական կողմի բանակցային պայմանների խստացման մասին, այսինքն՝ ազատագրված տարածքները վերադարձնելու դիմաց Հայաստանն այլևս պահանջելու է ոչ միայն Ադրբեջանի կողմից ԼՂՀ բնակչության ինքնորոշման իրավունքի իրացման (ԼՂ կարգավիճակը որոշելու համար հանրաքվե կազմակերպել-անցկացնելու) ընդունում և դրա արդյունքում որոշվելիք կարգավիճակի ճանաչում, այլև ԼՂՀ-ից Ադրբեջանի զավթած բոլոր տարածքների վերադարձ: Այս մասին Սարգսյան-Պուտին հանդիպումից հետո իմանալու է նաև Ալիևը: Դրանից հետո նա համակերպվելո՞ւ է ներկայիս իրավիճակին (ստատուս քվոյին), թե զանցն առնելով չպատերազմելու ՌԴ նախագահի պահանջը, վառելու է մեծ պատերազմի կրակը, ցույց կտա ժամանակը: Համենայն դեպս, առկա աշխարհաքաղաքական գործոնները, այլ գործոններ՝ նույնպես, ավելի հավանական են դարձնում վերջին տարբերակը:

 

Արթուր Հովհաննիսյան