Այսօր Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ ներկայացնելիս նախարարին վարչապետը հորդորեց նախագծի վերաբերյալ զեկուցել նաև լրագրողներին, ինչը նախարարը պարտաճանաչորեն կատարեց, թեպետ նիստի ընթացքում վարչապետին պատասխանեց, թե փոխնախարար Տերտերյանին կհանձնարարի լրագրողների հարցերին պատասխանել:

 

Խոսելով ֆինանսական համահարթեցման օրենքի նախագծի մասին՝ Լոքյանն ասաց, որ ուսումնասիրությունների արդյունքում գտնվել են ելքեր, և այսօր օրենքն իր համապատասխան անցումային դրույթներով Կառավարության կողմից ընդունվեց ու աշնանը կուղարկվի Ազգային ժողով քննարկման և ընդունման համար:

 

«Օրենքի գաղափարախոսության հիմքում դրված են սկզբունքներ, որ ոչ թե ուղղակիորեն համայքներին գումար են հատկացնում ունեցած բնակչության թվով, այլ այն գործառույթներով, որով համայնքն առաջնորդվում է իր տարածքում իրականացված գործառույթնների շրջանակներում: Ամենակարևոր արդյունքը, որ ստացվում է այս փոփոխություններով` Երևանից դուրս գտնվող հատկապես բարձրալեռնային տարածքի բնակավայրերը ստանում են մեծ դոտացիաներ: Երկրորդն այն է, որ բնակավայրերը, որոնք նախկին շրջկենտրոններ են, ավաններ են և կորցրել են իրենց հիմնական արտադրական հզորություններն ու չունեն լրացուցիչ բյուջետային մուտքեր՝ համապատասխան փոփոխության արդյունքում կարողանում են ստանալ ավելի մեծ դոտացիա, օրինակ՝ Վարդենիս քաղաքը փոխվող օրենքով ստանում է քսան միլիոնով ավել դոտացիա»,- ասաց Լոքյանը:

 

Նախարարը նշեց նաև, որ մայրաքաղաքից, մարզպետարանից և նախկին շրջկենտրոնից ունեցած հեռավորություններով պայմանավորված՝ բնակավայրերը դոտացիայի ավելի մեծ գործակից են ունենում և ավելի շատ փող են ստանում, քանի որ համայնք պահելը, ծառայություններ իրականացնելը ծախսատար է և արդարացի է, որ այդ գործակցի կիրառմամաբ ստանան ավելի մեծ դոտացիա:

 

«Օրենքում ներառված է այնպիսի հասկացություն, ինչպիսին է 0-ից 16 տարեկան երեխաների թիվը համայնքում և թոշակային տարիքի քաղաքացիների թիվը: Բոլորիս հասկանալի է՝ այս տարիքի երեխաների թվաքանակը բերում է լրացուցիչ ծախսեր՝ երաժշտական դպրոց ունենալու, մանկապարտեզներ, արվեստի և սպորտային դպրոցներ ունենալու համայնքային ծառայությունների տեսակներ, և համայնքները՝ կապված երեխաների թվի հետ, պետք է համապատասխան դոտացիաներ ստանան»,- ասաց Լոքյանը:

 

Օրենքն ամբողջությամբ գործածության մեջ կդրվի 2020 թվականին: