Օգոստոսի 10-ին, ժամը 08.31-ին ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ 78-ամյա Ս. Զ.-ն օգոստոսի 8-ին ժամը 12:00-ի սահմանում տանից դուրս է եկել և չի վերադարձել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ Ս. Զ.-ին վերջին անգամ տեսել են «Տլոտ» կոչվող հանդամասի հարակից հատվածում:

 

Հրշեջ-փրկարարները «Տլոտ» կոչվող հանդամասից մինչև «Մուրղուզ» կոչվող լեռ, «Աշնան ծուռթ», «Կանաչ գյոլ» և «Սանդի ուրթ» կոչվող հանդամասերը (մոտ 40 կմ շառավղով) իրականացրել են որոնողական աշխատանքներ:

 

Որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության 3 աշխատակից և տեղի 30 բնակիչ:

 

Մթության և անբարենպաստ եղանակային պայմաններից ելնելով՝ ժամը 20.35-ին դադարեցվել են Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները: