«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարությունը պատգամավորներին չի թույլատրում տեսակցել Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին և մի քանի այլ կալանավորների, քանի որ նրանց մասով արգելանք կա դրված:

 

Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասացին ՀՀ ԱՆ ԿՔՎ հանրային կապերի բաժնից՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու չեն թույլատրում պատգամավորներին տեսակցելու Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և այլոց հետ:

 

«Խնդիրը ոչ Արմեն Մարտիրոսյանն է, ոչ Դավիթ Սանասարյանը և ոչ էլ ուրիշ կալանավորված կամ դատապարտված անձ:

 

Չթույլատրելու միակ հիմքն այն է, որ նախաքննություն իրականացնող մարմինը քննության շրջանակում արգելանք է դրել նշված անձանց տեսակցությունների կամ կապի միջոցներից օգտվելու վրա՝ այդ թվում նամակագրության և հեռախոսազանգերի: Նման պարագայում, ոչ մի ՔԿՀ աշխատակից չի կարող օրենքը խախտել և թույլատրել, որ պատգամավորները տեսակցեն նրանց հետ»,-ասացին ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

 

Հիշեցնենք, որ ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտարարությամբ էր հանդես եկել և նշել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ ղեկավարությունն արգելել է ԲՀԿ պատգամավորներին տեսակցելու կալանավորված Դավիթ Սանասարյանին, Արմեն Մարտիրոսյանին և Տիգրան Մարգարյանի, ով ունի շաքարային դիաբետ հիվանդություն:

 

«Կարող եմ հստակ ասել, որ բոլոր պատգամավորները կարող են տեսակցել յուրաքանչյուր կալանավորված և դատապարտված անձի հետ, եթե նախաքննությամբ չկա խափանման այնպիսի միջոց, որը կարգելի տեսակցել տվյալ կալանավորված անձի»,-ասացին ՔԿՎ-ից: