Օրվա ինտրիգը սպասվում է Ազատության հրապարակում, որտեղ հանրահավաք է նախատեսել ՀՀԿ-ն, և որին, այսպես ասած, մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Րաֆֆի Հովհաննիսյանը' երեկ իր հանրահավաքում հայտարարելով, որ մնալու է Ազատության հրապարակում մինչև ՀՀԿ հանրահավաք և սպասելու է Սերժ Սարգսյանին, որ նա փոխանցի իշխանությունը ժողովրդին:

Նախօրեին, մինչ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ հայտարարությունը, Սերժ Սարգսյանի խոսնակն էր հայտարարել, որ Սարգսյանը պատրաստ է ընդունել Րաֆֆի Հովհաննիսյանին, առավել ևս, որ նրա որոշ հայտարարություններ ունեն հստակեցման կարիք: Սակայն, Րաֆֆի Հովհաննիսյանը, փաստորեն, մերժեց նախագահական նստավայր Սերժ Սարգսյանի մոտ ընդունելության գնալու տարբերակը և նրան կոնտրառաջարկ արեց՝ հանդիպել Ազատության հրապարակում:

ՀՀԿ-ն երեկ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունից հետո հայտարարել էր, թե դեռ քննարկում է Ազատության հրապարակում հանրահավաք անելու հարցը և վերջնական որոշում չի կայացվել: Կասկած չկա, որ այդ որոշումը կախված է ընդամենը մի բանից՝ ուզո՞ւմ է Սերժ Սարգսյանը իրապես հանդիպել հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ: Իսկ դրա համար, իհարկե, Սերժ Սարգսյանը պետք է որոշի, թե հանդիպելու դեպքում ինչ է պատասխանելու իշխանությունը զիջելու Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջին, առավել ևս, որ այդ պահանջին մասնակից կլինի երևի թե ոչ մեծ բազմություն:

Միևնույն ժամանակ կասկած չկա, որ ՀՀԿ-ն էլ իր հետ բազմություն կբերի: Սակայն 2008 թվականի փետրվարի 26-ի օրինակով շատ պարզ է, թե ինչ է նշանակում ՀՀԿ բազմություն, եթե իհարկե' խոսքը պրոֆեսիոնալ սադրիչների մասին չէ: ՀՀԿ-ի բերած բազմությունը Ազատության հրապարակում մի րոպեում կարող է հանկարծ դառնալ հավաքված ժողովրդի մի մասը, իսկ դա Սերժ Սարգսյանի համար իսկապես մեծ ռիսկ է: Սակայն, եթե Սերժ Սարգսյանը մտածում է, որ ռիսկը նվազում է արհամարհանքի կամ անտեսման քաղաքականության արդյունքում, նա երևի թե սխալվում է:

Իշխանությունները հայտարարում են, որ հույս ունեն, թե ընդդիմությունը չի գնա մի ճանապարհով, որը Մարտի 1-ի կարող է հանգեցնել: Սակայն կա մի շատ կարևոր բան, այդ հայտարարությունների քարոզչական շրջանակից դուրս: Դա այն է, որ Մարտի 1-ից խուսափելու գլխավոր պատասխանատվությունը իշխանություններինն է, այսինքն' նման զարգացումների հանգեցնում է իշխանական քաղաքականությունը, և հետևաբար' պետք է չկրկնել այն քաղաքականությունը, որ բերում է նման լարված և բախումնային իրավիճակների անխուսափելիության: