«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի խափանման միջոց կալանավորումը դատարանի որոշմամբ փոփոխվեց։ Նրան 1.5 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել։ Այս մասինԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սանասարյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը:

 

«Դատախազի առարկությունից հետո գրեթե կորցրել էինք հույսը, որ դատարանը արդար որոշում կկայացնի, սակայն դատավորը դուրս գալով խորհրդակցական սենյակից, հայտարարեց գրավի դիմաց Սանասարյանին ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու մասին»,- ասաց փաստաբանը։ 

 

Ղարագյոզյանը հավելեց՝ քիչ հետո պատրաստվում են մուծել գրավն ու գնալ Նուբարաշեն ՔԿՀ՝ Դավիթ Սանասարյանի հետևից:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ։ Դավիթ Սանասարյանին մեղադրում են ապօրինի հավաք կազմակերպելու մեջ (Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի 1-ին եւ 2-րդ կետերով):