Արայիկ Խանդոյանը, ով առավել հայտնի է Միայնակ գայլ կեղծանվամբ, առաջադրվել է Ծաղկահովտի համայնքապետի պաշտոնի համար:

 

Նրա վստահաված անձը երեկ հայտարարեց, որ հանձնաժողովը պահանջված թղթերն ընդունել է առանց որևէ խոչընդոտի:

 

Յահո՜ւ, «թույն» ժողովրդավար երկիր ենք, որտեղ հանգիստ ու առանց որևէ խոչընդոտ կարող ենք մասնակցել ընտրություններին, առաջադրվել ու առաջմղվել, թեպետ սա հարցի ակնառու կողմն է, որը մեր իշխանությունները կարող են ներկայացնել միջազգային հանրությանն և շատ «պուպուշ» խոսքեր լսել:

 

«Պուպուշ» խոսքերն այսքանով չեն սահմանափակվի: Այսինքն, կարող ենք չսահմանափակվել: Օրինակ, թույլ տանք, որ Խանդոյանը դառնա հաղթող թեկնածուն ու ընտրվի, որպես համայնքապետ:

 

Ստացվում է՝ մեզ մոտ այնքան արդար ու թափանցիկ են ընտրությունները, որ ցանակացած մեկը կարող է գալ ու հաղթել, եթե, իհարկե, ստանա ժողովրդի վստահության քվեն ու գրողին կորչի այն փաստը, որ այս ցանկացած մեկը ենթադրյալ հանցագործ է:

 

Դա ո’չ իմ կարծիքն է, ո’չ քո կարծիքն է` ոչ մեկի կարծիքն էլ չէ’, դրա մասին փաստերն են խոսում, որովհետև տվյալ անձը եղել է զինված խմբի անդամ և նրա դեմ նյութեր են մշակվում:

 

Հիմա կասեք, թե ես դեմ եմ Խանդոյանի թեկնածությանը:

 

Կրկին՝ բնավ ոչ:

 

Ես հիմա քաղաքական խաղաքարտերի դասավորությունն եմ ուզում հասկանալ:

 

Սցենար առաջին՝ Խանդոյանը հաղթում է, մենք գերազանց գնահատական ենք ստանում, ապա տեղի է ունենում դատավարություն ու Խանդոյանն ազատազրկվում է X ժամկետով: Հետևաբար, գործող օրենքի համաձայն, նա լքում է պաշտոնն ու պատիժը կրում: Այսինքն, աթոռին կրկին կարող է հավակնել իշխանության ցանկալի թեկնածուն:

 

Գեղեցիկ պատկեր է, սակայն մի փոքրիկ բացով, որն անմիջապես կապ ունի երկրորդ սցենարի հետ:

 

Իսկ ինչպե՞ս պատահեց, որ մի ամբողջ համայնք ձայն տվեց ենթադրյալ հանցագործին, մի՞թե մենք հասել ենք այն օրին, որ մեզ իշխելու են հանցագործները:

 

Թույլ տվեք այդ կետի վրա լուռ ժպտալ ու նոր առաջ անցնել…

 

Հիմա պատասխանեմ հարցիս, որին պատասխանելու է իշխանությունը՝ Խորենացի փողոցում ու Ազատության հրապարակում այդքան մարդ է հավաքվում, հո՞ իրենք բոլորը հանցագործ չեն…

 

Ամեն դեպում՝ գեղեցիկ սցենարը Խանդոյանի հաղթանակն է, որ 5+ գնահատական ու գրանտներ կբերի շատերին:

 

Ինչևէ, սպասենք, չէ՞ որ վերջին խոսքը գերագույնինն է, ով դեռ կարճ արձակուրդի մեջ է:

 

Կգա նա շուտով` շատ շուտով, ու կասի իր վերջին խոսքը:

 

Սպասենք:

 

Անի Սահակյան