Հունահռոմեկան ոճի ըմբշամարտիկ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը «ВКонтакте» սոցիալական ցանցում հանդես է եկել հայտարարությամբ.

«Ավարտվեցին 31-րդ Օլիմպիական խաղերը: Առաջինն, ինչ կցանկանայի, շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չամաչեցին Ռիո-2016-ում իմ եզրափակիչ գոտեմարտի մասին կարծիք հայտնելուց:

Շնորհակալություն ձեր մեծ աջակցության համար: Շնորհակալություն, որ հենց սկզբից ինձ հետ էիք և հիմա էլ շարունակում եք ինձ հետ լինել: Մեծ աջակցություն եմ զգում իմ ազգի, աշխարհի տարբեր ազգությունների ու դավանանքի մարդկանց կողմից:

Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիկ երազում է բարձրանալ օլիմպիական պատվանդան' իր երկրի օրհներգի ներքո և երկրի դրոշի բարձրացմամբ, և ես բացառություն չեմ: Ողջ կյանքս երազել և գնացել եմ դեպի օլիմպիական այդ բարձունքը: Այդ ծանր ճանապարհին ահռելի ուժ եմ ներդրել: Ես ապրել ու երազել եմ այն օրվա մասին, երբ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորության կստանայի, և այդ երկար սպասված պահը եկավ:

Ռիոյի ճանապարհին իմ նկատմամբ շատ անարդարություններ եղան: Բայց որքան էլ ինձ համար ցավալի ու վիրավորական էր, ոչինչ չձեռնարկելու համբերություն ունեցա,քանի որսպասում էի Ռիո-2016-ին:

Հույս ունեի, որ անարդարությունները կհեռանան ինձանից: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ և ինձ կրկին զրկեցին ոսկե մեդալից: Այդ արարքը վերջնականապես հիասթափեցրեց ինձ, այդ պատճառով չէի կարողանում զսպել ինձ: Շատ դժվարությունների միջով եմ անցել, իմ հարազատներին 150-ից ավելի օր չեմ տեսել, որպեսզի ամբողջովին պատրաստվեմ ու կենտրոնանամ Օլիմպիական խաղերի վրա: Հյուծիչ մարզումներ, քաշի վերահսկում, վնասվածներ, իմ թիմի աշխատանք, ընտանիքիս ու ազգիս համբերությունը, հույսերն ուղղակի գողացվեցին…

Միթե՞ ողջ մարզական աշխարհն աչք կփակի այս հանցագործության վրա: Ոչ միայն ես, այլև շատերն են զրկվել իրենց արժանի մրցանակներից:

Ես զրկվեցի օլիմպիական չեմպիոնի կոչումից, քանի որ ըմբշամարտի աշխարհում Հայաստանը ոչինչ չի որոշում, այլ որոշում են Սերբիան կամ այլ պետություններ: Բայց ես հպարտ եմ, որ հայ եմ: Մենք փոքր, բայց մեծագույն ազգ ենք: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ռուսաստանին և այնտեղ ապրող բոլոր մարդկանց: Այնտեղ եմ մեծացել և ապրում և սիրում եմ բոլոր մարդկանց: Շնորհիվ իմ մարզչական շտաբի, հարազատներիս և իհարկե ազգիս աջակցության՝ 100 տոկոսով պատրաստ էի Օլիմպիական խաղերին: Ինձ հաջողվեց լավ պայքար և արդյունք գրանցել: Դրա համար շնորհակալություն Աստծուն:

Ցանկանում եմ նաև շնորհավորել իմ ընկերոջն ու թիմակցին՝ Արթուր Ալեքսանյանին, ոսկե մեդալ նվաճելու կապակցությամբ: Նա արժանի էր այդ հաղթանակին: Շնորհավորում եմ նաև մեր ծանրորդներ Սիմոն Մարտիրոսյանին և Գոռ Մինասյանին՝ արծաթե մեդալներ նվաճելու կապակցությամբ:

Յուրաքանչյուր գոտեմարտի դուրս գալիս պայքարում էի ոչ միայն իմ անունի, այլ նաև իմ հայրենիքի ու ընտանիքիս համար, ովքեր մինչև վերջ աջակցել են ինձ: Դահլիճում չէր հնչում իմ երկրի օրհներգը: Իմ հարազատների ցավն ամեն ինչ խլացնում է…

Հ.Գ. Պետք չէ վիրավորել սերբին (Դավոր Շտեֆանեկ), նա վատ ըմբիշ չէ, լավ էր պաշտպանվում: Մենք նրա հետ արդեն մեկ ամբողջություն ենք: Նա ամեն առավոտ հիշելու է իմ անունը' ամեն անգամ իր ոսկե մեդալին նայելիս, որն իրականում ինձ է պատկանում»: