Մարմնամարզության Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ՝ Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը, Ռիո դե Ժանեյրոյում տեղի ունեցած ամառային օլիմպիական խաղերից հետո լրագրողների հետ զրույցում խոսեցին իրենց մրցելույթների մասին: Հարություն Մերդինյանի խոսքով, վնասվածքն ազդեցություն թողեց իր ունեցած արդյունքի վրա:

«Լարվածությունը, երևի, այնքան չխանգարեց ինձ, որքան ցավը: Ես գրեթե ամեն մրցումից առաջ ունենում եմ ցավեր: Ստացածս վնասվածքը և գերհոգնածությունը խանգարեցին ինձ, և դրա պատճառով եղավ ամեն ինչ: Հոգեբանորեն պատրաստ էի, բայց ուժերս սպառվել էին, դժվարացա եզրափակիչի օրը անել բարդ վարժությունը»,- նշել է Հարություն Մերդինյանը:

Արթուր Դավթյանըևս ուներ վնասվածք, սակայն, իր խոսքով, վերջնական ելույթի ժամանակ դա իրեն չխանգարեց:

«Առաջին փորձի ժամանակ ամեն ինչ հաջող ստացվեց, և բարձր արդյունք ունեցա: 2-րդ փորձի ժամանակ մարզական բախտը երես թեքեց, և սովորականից բարձր ցատկս անհաջող վայրեջքով ավարտվեց: Վնասվածք ունեի, սակայն դա ինձ չխանգարեց, մարզական անհաջողություն էր»,-ասաց Արթուր Դավթյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը օլիմպիական խաղերի վերջնական արդյունքում գրավել է 7-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը՝ 11-րդ: