Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն, ով հանրապետության երրորդ քաղաքը ղեկավարում է 1999 թվականից, հոկտեմբերի 2-ից հետո հեռանալու է այդ պաշտոնից:

 

Բոլոր 17 տարիներին Դարբինյանի վարքագծի հիմքում եղել են սկանդալայնությունն ու էպոտաժը:


Բոլոր նախաձեռնություններում նա կրծքով պաշտպանել է իշխանությանը` «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ձևանալով:

 

Օրինակ, Վանաձորի քաղաքապետն ասում էր, որ քաղաքում ընդդիմադիրներ չկան: Չնայած` 2013-ին նախագահական ընտրություններում հանրապետության երրոդ քաղաքում Րաֆֆի Հովհաննիսյանը համոզիչ հաղթանակ տարավ:


Անցյալ տարի, երբ Երևանում զանգվածային ցույցեր էին կազմակերվում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ, Դարբինյանը հիմնավորում էր սակագնի բարձրացման անհրաժեշտությունը:

 

Երբ իշխանություններն ի վերջո տեղի տվեցին, Վանաձորի քաղաքապետը հայտնվեց շատ անհարմար վիճակում: Փաստն այն է, որ Սամվել Դարբինյանն այնքան հեղինակազրկված է, որ կառավարող ՀՀԿ-ն նույնիսկ չուզեց նրա նունն ասոցացնել իր հետ:


Հոկտեմբերի 2-ին Վանաձորի ավագանին ձևավորվելու է բացառապես համամասնական ընտրակարգով: Հենց ավագանին էլ ընտրելու է նոր քաղաքապետ:

 

ՀՀԿ-ն չուզեցավ իր ցուցակի առաջին հորիզոնականում տեսնել Դարբինյանին թերևս մտածելով, որ սա ձախողման ճանապարհ է` առանց այդ էլ ընդդիմադիր քաղաքում:

 

Սակայն, հարազատ կուսակցությունը երբեք առանց յուղոտ պատառի չի թողնի իրեն հաճոյաբար ծառայած մարդուն:


Իշխանության տարիներին Դարբինյանն հաջողացրել է իր համար ստեղծել եկամուտի կայուն աղբյուր,որը բնականաբար սնվում է պետբյուջեից:


Ստեփանավանի տարածաշրջանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների բարեկարգմամբ տարիներ շարունակ զբաղվում է «Արգիշտի մեկ» ընկերությունը, որը պատկանում է Վանաձորի քաղաքապետին և նրա եղբորը:


Նշված ճանապարհների խնամքով այս տարի ևս զբաղվելու է Դարբինյանի ընկերությունը, որն արդեն 2016-ի պետբյուջեում նախատեսված 101 միլիոն 981 հազար դրամից ստացել է 65 միլիոն 332 հազարը:


Հոկտեմբերից Սամվել Դարբինյանը Վանաձորի քաղաքապետ չի լինի, բայց հարստանալու մեծ պտենցիալ ունի՝ դարձյալ պետական փողերի հաշվին:


Սարգիս Հակոբյան