Հուլիսի 17-ի միջադեպը որոշակի քաղաքական ակտիվություն ծնեց, թե՛ քաղաքական ավանդական հարաբերությունների վերանայման, և թե՛ մարտավարական խնդիրները քննարկելու իմաստով:

 

«Սասնա ծռերի» զինված ապստամբության փորձը ձախողվեց: Սակայն, Ժիրայր Սեֆիլյանի անմիջական շրջապատն Ալեք Ենիգոմշյանի գլխավորությամբ համարում է, որ «Սասնա ծռերի» ակցիան Հիմնադիր խորհրդարանին ընդդիմադիր առաջնորդության քաղաքական լեգիտիմություն է տվել:

 

Ընտրությունների ինստիտուտը մերժելու, երկրում փոփոխություններ իրականացնելու հեղափոխական կամ զինված մեթոդները տեղավորվում են ՊՊԾ գնդի գրավման տրամաբանության մեջ: 

 

Մյուս կողմից` Ազատության հրապարակում տեղի ունեցած վերջին հանրահավաքը բացահայտեց «Սասնա ծռեր» շարժման քաղաքական կազմակերպչական սահմանափակ ռեսուրսը:


Ընտրությունների մերժման մարտավարությունը հարազատ են միայն Սեֆիլյան-Ենիգոմշյան զույգի շուրջ համախմբված սահմանափակ թվով մարդկանց, սակայն չի դարձել շարժմանը մասնակից «Ժառանգություն» կուսակցության սեփականությունը:

 

Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը ՏԻՄ առաջիկա ընտրություններին չի մասնակցում, ոչ թե սկզբունքորեն, այլ որովհետև որոշումը կայացնելու պահին կուսակցության առանցքային անդամները ձերբակալված էին:

 

Րաֆֆի Հովհաննիսյանը չի էլ կարող սկզբունքորեն մերժել ընտրությունների ինստիտուտը, որովհետև ամերիկյան դաստիարակություն ստացած մարդը փոփոխությունների այլ ճանապարհ ընտրել չի կարող:

 

Բայց ավելի հատկանշական է, որ անգամ զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը ՝ «Միայնակ Գայլ»-ը, մտադիր է մասնակցել և հաղթել հարազատ գյուղի համայնքապետի ընտրություններում:


Սա երկու բացատրություն կարող է ունենալ: Գուցե Խանդոյանի համար բավարար չէր նույն Ենիգոմշյանի ազդեցիկությունը`նրա ընտրություններին չմասնակցելու հորդորը չլսեց, կամ էլ` «Միայնակ Գայլ»-ը սկզունքային տարաձայնություններ ունի Հիմադիր խորհրդարանի ղեկավարության հետ:


Մյուս կողմից` մարդ չի կարող հուլիսին մասնակցել զինված ապստամբության, սեպտեմբերին քաղաքական լեգալ ճանապարհ ընտրել:

 

Օրինակ, «Սասնա ծռերին» հարող քաղաքագետ Սարո Սարոյանը կարծում է, որ իշխանությունները ներգործել են Արայիկի որոշման վրա:


Այս ամենի հետևանքով, Խանդոյանը կարող է միայնակ մնալ ոչ միայն իշխանություններին հակադրվելու, այլ նաև` իր գաղափարակիցներին համոզելու հարցում:

 

Ու, եթե այնպես ստացվի, որ Խանդոյանը ստեղծված իրավիճակի հետևանքով պարտվի Ծաղկահովիտի ընտրություններում, դա կլինի «Սասնա ծռերի» շարժման պարտությունը,որովհետև «Միայնակ Գայլ»-ը գործընթացի ամենախարիզմատիկ դեմքերից մեկն է:

 

Երկրորդ թեզը, որն անընդհատ շրջանառվում է ու հատկապես հուլիսի 17-ի դեպքերից հետո,ընդդիմության միասնականության, ըստ իս, կեղծ թեզն է:


Գյումրու ու Վանաձորի քաղաքային ընտրություններն արտառոց են ընդդիմության ակտիվ մասնակցության առումով:

 

Սա պայմանավորված է, թե խորհրդարանական առաջիկա ընտրությունների և, թե  հուլիսի 17-ի միջադեպի հանգամանքներով:

 

«Հուլիսի 17»-ն արդեն պարտված է, որովհետև ընդդիմության հիմնական հատվածը որոշեց մասնակցել ընտրություններին:

 

Դրական է նաև այն, որ յուրաքանչյուր կուսակցություն մասնակցելու է իր ցուցակով և ծրագրով:


Գյումրեցիները և վանաձորցիները գուցե հիասթափվեն ընդդիմության անմիաբանաությունից, սակայն դրա մեղավորը հենց ընդդիմադիրներն են, ովքեր տարիներ շարունակ հաղթանակի երաշխիք համարել են, ոչ թե որակը, այլ՝ քանակը:

 

Հասարակությանն անհրաժեշտ է բացատրել, որ հաղթում են ոչ թե կեղծ միասնականությամբ, այլ` կենսունակ թիմով ու ծրագրով:



Սարգիս Հակոբյան