Ինչպես հայտնի է, օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Հայաստան ժամանեցին Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական ամառային խաղերի հայ մեդալակիրները`մարզիկներ, որոնց հերոսական վաստակի մասին դեռ երկար է խոսվելու ինչպես մասնագիտական շրջանակներում, այնպես էլ բուն ժողովրդի շրջանում:


Պետք է նշել, որ մեր փառահեղ մարզիկների դիմավորման արարողությունը, որին իրենց պատվավոր մասնակցությունն էին բերելվարչապետ Աբրահամյանը, Ռիոյի հայաստանյան պատվիրակության ղեկավար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու այլ պետական բարձր պաշտոնյաներ, իսկապես հրաշալի էր ստացվել. արվել էր ամեն ինչ` տղաներին ըստ արժանվույն դիմավորելու, ոգևորելու, նրանց` պետության առաջ ունեցած վաստակն ընդգծելու համար:

 

Հատկապես հուզիչ էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի' Ռիոյի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին ցուցաբերած մարդկային ջերմագին վերաբերմունքն, երբ հենց օդանավակայանում ժողովրդի ու պետական այրերի աչքի առաջ նրան հանձնվեց ՀԱՕԿ ոսկե մեդալն ի նշան այն բանի, որ չնայած տեղի ունեցած ճչացող անարդարության, ՀԱՕԿ-ն ու ողջ հայությունը Միհրանին համարում է իսկական չեմպիոն, օլիմպիական ոսկե մեդալակիր, հանգամանք, որ ոչ մի կերպ թերագնահատել չես կարող. հայտնի է, որ Ծառուկյանը դեռևս օրեր առաջ էր իր խոսնակի միջոցով հայտարարել, որ Միհրանն իր համար իսկական չեմպիոն է, իրական ոսկե մեդալակիր' դիրքորոշում ու համոզմունք, որն, ըստ էության, պատճառ դարձավ Հարությունյանի' հենց Զվարթնոցում կատարած հայտարարության, թե չի պատրաստվում հեռանալ մեծ սպորտից` խոստանալով ապագայում ևս ուրախության պահեր պարգևել հայ ժողովրդին:


Հիրավի, Հայաստանի նորանկախ պատմության մեջ բացառիկ դարձած Ռիոյի ամառային 31-րդ օլիմպիական խաղերն այլևս հավերժ կմնան Հայաստանի սպորտի փառահեղ պատմության էջերում:

 

Արթուր Ալեքսանյանի, Միհրան Հարությունյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի անունները ոսկե տառերով են գրվելու փառքի մատյանում, որոնց մարզական հերոսության գինն ու արժեքը մեր երկրի նորանկախ պատմության մեջ, պարզապես, անգնահատելի է: Մերոնք աշխարհին ու,առաջին հերթին, սպորտային համաշխարհային գերտերություններին աներկբայորեն ապացուցեցին, որ այնպիսի սահմանափակ երկիր, ինչպիսին Հայաստանն է, կարող է, ունակ է` ազատորեն ոտք մեկնելու ցանկացածի հետ, հաղթելու ուզածդ երկրին ու աշխարհահռչակվել փառքի դափնիներով:

 

Ապացուցված է`ոչինչ մարդ էակի թաքնված տաղանդներն ու շնորհներն այդքան մեծ արդյունավետությամբ «ջրի երես» դուրս չի բերում, որքան` համապատասխան վերաբերմունքը, մեծարումն ու գնահատանքը` բաներ, որ, անշո՛ւշտ, սկզբից մինչև վերջ ուղեկցեցին մեր մարզիկներին,բաներ որ ընկած են մեր հաղթանակների հիմքում:

 

Կեցցե՛ք տղերք, բրավո՜, քաջարի՛ հայորդիներ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ