Ավելի քան քսանյոթ միլիոն դրամը քիչ գումար չէ:

 

Եթե «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության այդպիսի խոշոր գումարը ընկերության կենտրոնական դրամարկղում պահվելու փոխարեն բանկում պահվեր, գումարի դուրս հանումն էլ հնարավոր լիներ միայն երկու հոգու, այդ թվում' տնօրենի ստորագրության առկայության դեպքում, ապա առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացման այս դեպքը դժվար թե լիներ:

 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Վանիկ Մկրտչյանը հանդիսանալով «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության գանձապահ, իրականացրել է ընկերության դրամարկղի դրամական միջոցների պահպանումը:

 

Սակայն, ըստ մեղադրական եզրակացության, նա շարունակաբար, մաս-մաս 2014թ. նոյեմբերի 3-ից մինչև 2015թ. մայիսի 15-ը ժամանակահատվածում «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲ ընկերության կողմից իրեն վստահված' ընկերության Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 44 հասցեում տեղակայված կենտրոնական դրամարկղ մուտքագրված գումարներից 27 114 982 դրամը հիշյալ ընկերության գույքային ֆոնդից դուրս բերելով, օգտագործել է իր անձնական կարիքների համար' այդ կերպ կատարելով իրեն վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի յուրացում:

 

Վերը նշված արարքի համար Վանիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի («Յուրացնելը կամ վատնելը») 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:

 

Եթե չենք սխալվում, սա «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերությունում այսպիսի առաջին դեպքը չէ:

 

Այնուամենայնիվ, կատարվածից հետո կա որևէ երաշխիք, որ հետագայում ընկերության նոր գանձապահը, ցանկության դեպքում, չի կարողանա նույն կերպ վարվել: