Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է շքանշանով՝ ՌԴ հետ բարեկամությունն ու գործակցությունն ամրապնդելու համար:

 

Տեսնես ստացած մեդալն ի՞նչ ազդեցություն է թողել նախարար Նալբանդյանի վրա, երբ սեփական երկրի բնակչության մեծ մասը, մեղմ ասած, դժգոհ է իր ղեկավարած կառույցի աշխատանքից: Արտաքին գործերի նախարարության փուչիկը վերջնականապես տրաքեց 2016 թվականի ապրիլ ամսին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ:

 

Պատերազմական իրավիճակում գտնվող երկրի արտնգործնախարարին նույնիսկ մանրադիտակով գտնելն անհնարին էր:


Երևի պարոն Նալբանդյանն այդ օրերին ևս զբաղված էր ՌԴ-ի հետ բարեկամություն հաստատելով: Չնայած, երևի այդ բարեկամության միակ իմաստը գիտեն Նալբանդյանը ու Պուտինը: Փաստորեն,Նալբանդյանի 8-ը տարվա փեշակը մեկ շքանշանի արժեք ունեցավ ՌԴ նախագահի համար: Չնայած, դա այն պարագայում, եթե չհաշվենք նրա դիզած միլիոնները կամ միլիարդները ՀՀ տարածքից դուրս, դե էլ ինչ արտաքին գործերի նախարար`առանց սեփական երկրից դուրս կուտակած միլիոներով:

 

2008 թվականի ապրիլի 15-ից, երբ Նալբանդյանը նշանակվեց ԱԳ նախարար, նա աչքի է ընկել միայն գերթանկարժեք ճանապարհորդություններով, իհարկե, չենք կարող ասել, թե այդ ճանապարհորդություններից քանինսն են իրականում օգուտ տվել Հայաստանին, բայց երկրի բյուջեից այդ գումարները հոսացել են ու հոսում են: Քանի որ նախարարը ճանապարհորդում է բացառապես բիզնես դասի ամենաթանկարժեք ավիատոմսերով: Տեսնես այդ արտոնությո՞ւնն էլ է նրան Պուտինը տվել, թե՞ այդ ճողությունը ինքն է իրեն թույլատրել:

 

Նալբանդյանի պարագայում այդ ամենը հենց ճանապարհորդություններ են կոչվում, քանի որ դրանք հանդիպումներ կամ բանակցությունների գնալ բնութագրելը, մեղմ ասած, ծիծաղելի է: Նալբանդյանն այն մեղավորներից մեկն է, ում աշխատանքի շնորհիվ Հայաստանը դարձավ Ռուսաստանի մի մասնիկը: Նալբանդյանի աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանը չկարողացավ վայելի իր անկախությունը:

 

Ճիշտ է, հիմա նրանք դա անվանում են բարեկամություն ու համագործակցություն, բայց դրանք ուղղակի ժողովրդին խաբելու ու աչքերին թոզ փչելու համար ընտրված բառեր են:

 

Տեսնես ՌԴ նախագահը ինչպե՞ս կվարվեր իր ԱԳ նախարարի հետ, ով ամեն կերպ փորձեր ՌԴ-ն դարձներ, օրինակ՝ ԱՄՆ-ի մի մասնիկը, և այդ փորձարկումներին մեկներ բիզնես դասի ավիատոմսերով:


Հաստատ շքանշանի չէր արժանացնի, այլ ֆանտազիան ավելի հեռուն գնացող պլանների կձգտեր: Իսկ քանի որ Նալբանդյանն իր երկրի բյուջեին չի կպնի, դեռ մի բան էլ հարստացնում է այն ու իր երկրի համար վտանգ չի ներկայացնում, ապա նրան կարելի է ոգևորել շքանշանով:

 

Չնայած, 8 տարի հետո ստացած շքանշանը հնարավոր է արդեն, որպես հաջողության մախթանք է:

 

Հնարավոր է` Նալբանդյանը, որպես նախարար, իրեն սպառել է Պուտինի համար և վերջինս այս կերպ հասկացնում է, որ փոփոխություն անելու ժամանակն է: Ինձ թվում է` Նալբանդյանը ևս դեմ չի լինի փոփոխության, արդեն տարիքն առած մարդ է, կարող է հեռավոր որևէ երկրում վայելել իր հանգիստը՝ հայ-ռուսական բարեկամության շնորհիվ վաստակած փողերով, բայց արդեն ոչ Հայաստանում, ոչ Ռուսաստանում, այլ օրինակ՝ Ֆրանսիայում:


Ի դեպ, Ֆրանսիան պատահական չգրվեց: Քաջատեղյակ աղբյուրներն են փաստում, որ Նալբանդյանն այնտեղ գերհարմարավետ կացարան է հիմնել ու պատրաստվում է ծերությունն անցկացնել հենց այդ երկրի տարածքում:


Անի Սահակյան