ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, զորավար Մանվել Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա կապակցությամբ.


Հարգելի՛ ուսուցիչներ, դասախոսնե՛ր,


Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողնե՛ր.


Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերմեկյան տոնի' Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ հետաքրքիր ու բեղմնավոր ուսումնական տարի:

 

Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր հաճախում են առաջին դասարան, ում համար դպրոցի զանգը հնչում է առաջին անգամ:

 

Սիրելի՛ դպրոցականներ.


Այսօրվա կապույտ երկինքն ու խաղաղությունը, անկախ եւ ազատ ապրելու ձեր իրավունքը ձեռք են բերվել ձեր հայրերի, պապերի, մերձավորների կյանքի ու արյան գնով, հերոսության ու խիզախության շնորհիվ: Եվ դուք այսօր պետք է տեր կանգնեք մեր հայրենիքին' լավ սովորելով ու սերտելով հայրենասիրության դասերը: Դուք մեր երկրի ապագան եք, իսկ ապագայի ամուր հիմքերը դրվում են դպրոցում, որտեղից սկսվում է սեփական երկրի պատմության ու մշակույթի յուրացման ճանապարհը:

 

Բարի երթ ձեզ դեպի դպրոց, սիրելի՛ երեխաներ:

 

Հարգելի՛ ծնողներ, ձեր զավակներին մասնագիտական բարձրագույն կրթություն տալու երազանքի դուռն այսօր բաց է, մաղթում եմ ձեր զավակներին ուսումնատենչ ոգի եւ աշխատասիրություն: Թող նրանք խորը եւ հիմնավոր յուրացնելով տարբեր գիտություններ՝ հարստացնեն ու հզորացնեն մեր երկիրը:

 

Բարի գալուստ եւ հաջողություն առաջին կուրսեցիներին, որ ուսման մեջ արդարացնեն իրենց ծնողների ու հարազատների հույսն ու ուրախությունը:

 

Մեր հայրենիքի անկախության 25-ամյակի առթիվ մաղթում եմ ողջ հայ ժողովրդին, որ երիտասարդ, պատանի սերունդը' անկախության սերունդը լինի ավելի կիրթ, գիտուն, մարդկային ու հայրենասեր, որ կարողանա ավելի ճշգրիտ իմաստավորել անցյալը, տեր կանգնել ներկային եւ ավելի իմաստուն կերպով նախագծել գալիքը: Լինել մարդ, հայրենասեր, մասնագետ՝ ահա այն երեք հենասյուները, որոնց վրա կարող է ամուր կանգնել մեր պետականությունը: Ինչպես Նժդեհն է ասում՝ թրի եւ գրչի դաշինքը մեր ազգին հաղթանակների է առաջնորդում: Դեռ 1989-ից բազում ուսուցիչներ, դասախոսներ, ուսանողներ եւ նույնիսկ՝ աշակերտներ ոչ միայն գրչով ու խոսքով, ոչ միայն գիտելիքով, այլեւ՝ անմիջականորեն զենքը ձեռքին կռվել են պատերազմական առաջնագծում: Եվ եթե գրիչից անցել ենք զենքի, ցանկացած պահի պետք է կարողանանք նաեւ վերադառնալ գրիչին, գրքին, գիտելիքին, քանզի 21-րդ դարում գիտելիքով են հաղթում ազգերը, ժողովուրդները:

 

Հարգարժա՛ն ուսուցիչներ, մեր Սպարապետ Վազգեն Սարգսյանն ասում է, որ երեխան դեռ դպրոցից պետք է իմանա, թե ինքն ով է, թե որտեղից է գալիս հայ ազգը, ինչ առաքելություն ունի, դեպի ուր է գնում: Այս պատգամը տեղ հասցնելու խնդրում դուք լուրջ դերակատարում ունեք:

 

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ լուրջ անելիք ունենք նաեւ երկրապահ կամավորականներս: Մեր պարտականությունն է, գործընկեր կառույցների հետ միասնաբար, պատվով, մակարդակով կազմակերպել պատանի երկրապահ կամավորականների հրամանատարասերժանտական դասընթացների հերթական փուլը: Երկրապահը պատասխանատու է վաղվա հզոր Հայաստանի, բարեկեցիկ, պաշտպանված Արցախի համար: Մենք պարտավոր ենք ակտիվորեն մասնակցել վաղվա Հայաստանի լիարժեք քաղաքացիների թրծման գործընթացին:

 

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին, դասախոսներին, աշակերտներին, ուսանողներին եւ նրանց ծնողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ: