Շաբաթ օրը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Ազատություն ռ/կ-ին: Այն փաստը, որ Քոչարյանն այս անգամ գերադասել է ոչ թե իր վերահսկողության տակ գտնվող, այլ իրապես ազատ ԶԼՄ-ի հարցազրույց տալ, արդեն իսկ դրական է:

 

Մյուս կողմից զարմանալի է, որ հարցազրույցը թողարկվել է շաբաթ, քաղաքական առումով պասիվ օր: Զարմանալի զուգադիպությամբ դա համընկել է սեպտեմբերի երեքի հետ, ամսաթիվ, որը նույնանում է Հայաստանի եվրասիականացման հետ: Չնայած ասում են, որ քաղաքականության մեջ զուգադիպություններ չեն լինում: Այս կանոնը հատկապես բնորոշ է Ռոբերտ Քոչարյանին, որին հատուկ է քաղաքական հաշվենկատությունը:

 

Այնուամենայնիվ, երկրորդ նախագահի հարցազրույցում որևէ նոր շեշտադրում կամ գաղափար չկա: Իրեն բնորոշ ոճով նա քննադատում է Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը, զուգահեռաբար տպավորություն ստեղծելով, որ իր կառավարման տարիներին, երկրի տնտեսությունը ծաղկում էր: ԼՂՀ հարցում կար առաջընթաց և այլն: Այս հարցազրույցը չի կարելի նաև քաղաքական հայտ կամ իշխանության վերադառնալու մեսիջ համարել: Քոչարյանը պարզապես հիշեցնում է իր մասին:


Առավելագույնը նա փորձում է իր առավելությունները հիշատակելով ճեղքեր գոյացնել գործող իշխանության բուրգում: Ի դեպ, սա Հայաստանի նախկին նախագահների փորձված մարտավարությունն է: 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ, Ազատության հրապարակում տասնյակ հազարավոր քաղաքացիներ կային, բայց Լևոն Տեր-Պետրոսյանի տակտիկան ուղղված էր այն բանին, որպեսզի իր ձեռքում լինի ԵԿՄ-ն  վերահսկելու ռեսուրսը: Այլ խոսքով, առաջին նախագահը շեշտը դրել էր ոչ թե հասարակական ռեսուրսի, այլ իշխանության համակարգը փոշիացնելու վրա: Տեր-Պետրոսյանին ինչ-որ բան հաջողվեց: Բայց գլոբալ հարթության մեջ նա պարտվեց, որովհետև պետական համակարգը մոբիլիզացվելու հատկություն ունի:


Կանխատեսելի է, որ Քոչարյանին նույնպես չի հաջողվի փոշիացնել իշխանության ռեսուրսները: Սակայն մի հարցում երկրորդ նախագահը հաստատ առանձնահատուկ է: Եթե, այնուամենայնիվ, նա մի օր վերադառնա իշխանություն, ապա դա լինելու է ոչ թե հրապարակային քաղաքականության, այլ ներիշխանական ինտրիգների հետևանքով: Հրապարակային քաղաքականությունը ենթադրում է դիսկուրս, ասել է թե, նաև տասնամյա կառավարմանը վերաբերող տհաճ հարցեր, որոնց պատասխանելն այնքան էլ հեշտ չէ երկրորդ նախագահի համար:

 

Օրինակ՝ նրան կարող են հարցնել, թե ինչո՞ւ ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացում նպաստեց կարգավորման ձևաչափի և  բովանդակության ձևախեղմանը՝ բանակցային գործընթացից դուրս թողելով ԼՂՀ իշխանություններին:

 

Ի դեպ, շաբաթ օրվա հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը մի ուշագրավ միտք է հայտնել: Ակնհայտորեն գործող նախագահի հանդեպ իր առավելությունը ցույց տալու համար: 

 

«Իմ նախագահության 10 տարիների ընթացքում միայն մեկ անգամ՝ Քի Ուեսթում, մենք իրականորեն մոտ ենք եղել փաստաթղթի ստորագրմանը, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանի հրաժարման պատճառով՝ փաստորեն հենց ստորագրման արարողության ժամանակ: Դա փաթեթային և համապարփակ կարգավորում էր, որը հիմքում ուներ ԼՂՀ միավորումը Հայաստանին և ենթադրում էր տարածքների վերադարձ, ինչպես նաև անվտանգության ապահովման ուղղությամբ համալիր միջոցների կիրառում»,- «Ազատությանը» նախօրեին ասել է Քոչարյանը:

 

Եթե այսօր Սերժ Սարգսյանին քննադատում են ազատագրված երկու կամ հինգ շրջան հանձնելու մտադրության մեջ, ապա Քի Ուեսթում հակամարտության կողմերն, ըստ էության, պաշտոնապես դիտարկվում էին Հայաստանն ու Ադրբեջանը՝ տարածքային փոխադարձ զիջումների պայմանավորվածությամբ: Այս տարբերակով ԼՂՀ-ն գուցե իսկապես միավորվում էր Հայաստանին, բայց վերջինից Մեղրիի օտարման գնով:

 

Այլ խոսքով՝ Ղարաբաղն ու Մեղրին փոխանակվում էին: Ինչին բնականաբար, համաձայն չէր կարող լինել որևէ բանական մարդ Հայաստանում և Արցախում: Բարեբախտաբար Քոչարյանի նկարագրած տարբերակը վիժեցվել է: 


Հարցազրույցի մեկ այլ դրվագում Ռոբերտ Քոչարյանը մտահոգություն է հայտնել, որ հասարակությունը զորակցել է «Սասնա ծռերին»:

 

Համաձայն եմ երկրորոդ նախագահի հետ՝ սա իսկապես մտահոգիչ երևույթ է, սակայն զենքի ուժով իշխանության խնդիր լուծելու արատավոր պրակտիկան արմատավորվել է հենց Քոչարյանի պաշտոնավարման տարիներին՝ 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ, 2004-ի ապրլի 12-ի կրակոցներով, 2008-ի մարտի մեկի սպանդով:

 

Ի դեպ, հատկապես վերջին իրադարձությունը շաղկապել է Քոչարյան-Սարգսյան զույգին: Երկու նախագահներից որևէ մեկը չի կարողանում ձերբազատվել մարտի մեկի քաղաքական, բարոյական կապանքներից:

 

Հասարակությունն էլ երկրորդ և երրրոդ նախագահների առերևույթ քաղաքական առճակատումը համարում է բեմականացված թամաշա՝ ծայրահեղ դեպքում քաղաքական մրցակցությունից զուրկ գզվռտոց՝ փողերի և ազդեցության ոլորտների շուրջ:

 

Սարգիս Հակոբյան