Հայտնի է, որ հատկապես վերջին տարիներին հայաստանյան տնտեսությունն ամենևին էլ իր լավագույն օրերը չէ, որ ապրում է. բազմաթիվ են այն բացասական երևույթները, որոնք առաջացել ու շարունակում են առաջանալ հանրապետությունում ստեղծված ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակից: Բայց ամենասուր խնդիրը, որ ներկայումս Հայաստանում առկա է, և որը բառացիորեն վերաբերում է ամեն մի հայ ընտանիքի, աշխատատեղերի բացակայության գերխնդիրն է. դժվար թե հնարավոր լինի Հայաստանում գտնել գեթ մեկ ընտանիք, որ առանց արտերկրյա օգնության կարողանա գոյություն պահպանել:


Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր պետության տնտեսության զարգացման ու առաջընթացի հիմքը ուղղակի ներդրումներն են. առանց ուղղակի ներդրումների հուսալ, թե «սայլը տեղից կարող է շարժվել», անիրական մի բան է: Եվ ահա պարզվում է՝ մեր երկրում, ըստ վերջին վիճակագրական տվյալների, ոչ միայն բավարար չեն ուղղակի ֆինանսական ներդրումներն, այլև էապես ավելացել է կապիտալի արտահոսքը, ինչի արդյունքում էլ նաև, ըստ էության, նկատվում է բյուջետային ֆինանսական մուտքերի կրճատում. Աբրահամյանի կառավարությանը չի հաջողվել եկամուտները նախատեսված չափով հավաքագրել. այս տարվա առաջին յոթ ամիսներին բյուջե մուտք է արվել 633,3 մլրդ դրամ, մինչդեռ նախորդ տարի այդ գումարը կազմել է 635,5 մլրդ։ Ավելին՝ վերջերս հրապարակված մեկ այլ վիճակագրություն էլ ի հայտ է բերում ստեղծված իրավիճակի ու Հայաստանից կապիտալահոսքի միջև եղած կապը. 2016-ի առաջին կիսամյակում Հայաստանի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 16 մլրդ 919.1 մլն դրամ, այսինքն՝ ներդրողները սկսել են ավելի շատ գումարներ տանել Հայաստանից, ինչի ուղղակի հետևանք է այն կատաստրոֆիկ վիճակը, որ ներկայումս միայն խորանալու միտումներ է դրսևորում:


Այն, որ Հայաստանը երբեք էլ ներդրումային դրախտ չի եղել, նորություն չէ. այստեղ ոչ միայն օտարներն են վարանում ներդրումներ կատարել, այլև նույնիսկ տեղացի գործարարներն, ինչի պատճառը ոչ միայն օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված գործոններն են, այլև, որ ոչ պակաս կարևոր է, սուբյեկտիվ. բոլորը գիտեն այստեղի խութերի մասին, որոնք նույնիսկ ամենահայրենասեր մարդու ոտքն ու ձեռքը կապ են գցում: Բայց տնտեսական վիճակի ներկայիս աղետայնության հիմքերից մեկը հանդիսացող կապիտալի արտահոսքը, պարզվում է, ոչ միայն պայմանավորված է սուբյեկտիվ, այլև միանգամայն օբյեկտիվ գործոններով (եթե կարելի է այդպես ասել). մենք հայտնվել ենք այնպիսի մի տնտեական գոտում, որը, համենայն դեպս, տեսանելի ապագայում, առողջանալու միտումներ չի կարող դրսևորել:

 

ԵՏՄ-ն, որի տնտեսության շարժիչ ուժը ռուսական տնտեսությունն է, դարձել է Հայաստանի համար այն ճահիճը, որից դուրս պրծնելը առաջիկայում շատ դժվար է լինելու: Հայաստանում գործող ռուսական ընկերությունները, որոնց՝ Հայաստանի տնտեսական կյանքում ունեցած մասնակցության չափաբաժինն, ինչպես հայտնի է, բավական մեծ է, ելնելով իրենց երկրում ստեղծված բարդագույն ֆինանսատնտեսական իրավիճակից, այստեղ կատարվելիք կրկնաներդրումների փոխարեն իրենց ողջ շահույթը Հայաստանից արտահանում են Ռուսաստան՝ մեղմելու այնտեղի մայր ընկերությունների ֆինանսական վատթար վիճակը:


Արդյունքում Հայաստանից արտահոսում է ոչ միայն ազգաբնակչությունն, այլև փողը, ինչի հետևանքը բոլորիս աչքի առաջ է:

 

Իսկ, թե ինչ դեղատոմս է առաջարկում Հայաստանի կառավարությունը ստեղծված ծայրահեղ անմխիթար վիճակից երկիրը դուրս բերելու համար, այդպես էլ մինչև վերջ անհասկանալի է մնում, քանի որ բացի դեմագոգիկ խոստումներից ու պաթետիկ ծրագրերից, ուրիշ այլ բանի, ըստ էության, մինչև հիմա ականատես չենք եղել:


Դավիթ ԲԱԲԱՆՈՎ