ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը:

 

Պատգամավորը կարծում է, որ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ քաղաքական ուժերից թույլտվություն հարցնի՝ վերադառնա՞լ քաղաքական դաշտ, թե՞ ոչ։

 

«Գագիկ Ծառուկյանն այն ինքնուրույն անձնավորությունն է, կայացած անձնավորությունն է, որ չեմ կարծում՝ քաղաքական դաշտում որևէ մեկից պետք է թույլտվություն հարցնի: Իսկ եթե թույլտվությունով պետք է քաղաքական դաշտ գա, ավելի լավ է չգա»,- ասաց նա:

 

Պնդմանը, որ Գագիկ Ծառուկյանին հեռացնողը ՀՀԿ-ն էր, Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե դուք այդպես եք գնահատում, հորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին չհեռանալ»:

 

Այլ գնահատականներ Վահրամ Բաղդասարյանը չցանկացավ տալ' կապված Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ վերջինս դադարել է զբաղվել քաղաքականությամբ: