Վերջին շրջանում հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները և լուրջ տեղաշարժերը նոր իրավիճակ են ստեղծել երկրում։ Դրան զուգահեռ քաղաքական ուժերն ու գործիչներն արդեն իսկ լայն թափով քարոզչական աշխատանքներ են տանում 2017թ. խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ գրեթե 40-50% կազմող, չկողմնորոշված ընտրազանգվածին գրավելու ուղղությամբ։ Այս իրադարձությունների ֆոնին փորձագիտական շրջանակների և քաղաքացիների կողմից անընդհատ շրջանառվում է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու թեզը և դրա անհրաժեշտությունը։ Դրա համատեքստում կրկին քննարկման առարկա են դարձել 2015թ. փետրվարյան լարված իրադարձությունները, որոնց կիզակետը Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու հայտարարությունն էր, որոնք ամբողջությամբ փոխեցին քաղաքական դաշտում տիրող իրավիճակը։  

 

Ցանկանում ենք անդրադարձ կատարել Գագիկ Ծառուկյանին՝ քաղաքական դաշտից հեռացնելու թեզին, որը փաստացիորեն իրականությանը չի համապատասխանում։ Գագիկ Ծառուկյանն ինքն է որոշում ընդունել հեռանալ քաղաքական դաշտից խիստ օբյեկտիվ և արդարացի պատճառաբանությամբ՝ որպեսզի ոչ մի հայ մարդու արյուն չհեղվի, որպեսզի խուսափի արյունահեղությունից։ Մեջբերենք պարոն Ծառուկյանի՝ 2015թ. փետրվարի 18-ին կատարած հայտարարության մեր վերոհիշյալ պնդմանն առնչվող հատվածները.

 

«...Հայաստանում առկա խնդիրները լուծելու համար մեզ անհրաժեշտ է ոչ թե պատերազմել միմյանց դեմ, այլ հանգիստ, առանց միմյանց վիրավորելու աշխատել, ցույց տալ առկա բոլոր բացերը, գտնել լուծումներ և կյանքի կոչել դրանք:


...Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:


Իսկ ահա արդեն երեկ՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանըխորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հնարավորությանը և նշել, որ Գագիկ Ծառուկյանն այն անձնավորությունը չէ, որ քաղաքական ուժերից թույլտվություն հարցնի՝ վերադառնա՞լ քաղաքական դաշտ, թե՞ ոչ։ Բաղդասարյանը նաև հերքել է այն պնդումը, որ Գագիկ Ծառուկյանին հեռացնողը ՀՀԿ-ն էր:


Այս ամենից կարելի է եզրակացնել միայն մեկ բան. Գագիկ Ծառուկյանի քաղաքականությունից դուրս գալը, հետևաբար նաև՝ վերադառնալը որոշում է միայն ինքը՝ Գագիկ Ծառուկյանը։