«Ես իզուր չէի հայտարարում սադրանքների մասին, գիտեի, որ կլինեն նման դեպքեր»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ խոսելով սադրանքների չտրվելու կարևորության մասին:

Հիշեցնենք, որ երեկ ընդհարում եղավ Արմեն Մարտիրոսյանի ու մի քանի երիտասարդ ակտիվիստների միջև: Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այդ ակտիվիստներին չի էլ ճանաչում: «Ես նրանց ասացի, որ ձայնի տոնը չբարձրացնեն ու գոռգոռալով չխոսեն, եթե բանավիճում են, թող հանգիստ բանավիճեն, բայց իրենք չէին ուզում ընդունել, որ կարելի է հանգիստ բանավիճել»,- ասաց նա:

Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ նրանց լավ ճանաչում էր բլոգեր Իզաբելլա Աբգարյանը, ով ասաց, որ այդ երիտասարդները մեկ շաբաթ շարունակ սև քարոզչություն են իրականացնում Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ, նույնիսկ կոչ են անում՝ հանրահավաքի եկած մարդկանց պայքարը իրենց ուզած հունով տանել:Սակայն ոչ ինքը, ոչ էլ հանրահավաքին եկած քաղաքացիները չեն տրվել այդ սադրանքին:

ԳԱԼԱ-ի այն հարցին՝ կանխատեսո՞ւմ էիք սադրանքների մասին, որ սադրանքների չտրվելու կոչեր էիք անում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Պարտադիր, պարտադիր: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը ժողովրդի ուղեկցությամբ գնաց նախագահական նստավայր, այնտեղ ինչ-որ սադրիչներ քարեր են բերած եղել իրենց հետ, քարերի փոքր կույտ էին դասավորել նախագահականի դիմաց, իսկ հեռուստաօպերատորները շատ պատասխանատու ձևով դա նկարում էին»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը:

Մելանյա Մելքումյան