Հայաստանը ԽՍՀՄ այն սակավաթիվ հանրապետություններից մեկն է, որ անկախությունը վերականգնել է ոչ թե աշխարհաքաղաքական գործընթացների և կայսրության քայքայման հետևանքով, այլ համաժողովրդական պայքարի արդյունքում:

 

Առնվազն 1988-ի մայիսից Համազգային շարժման օրակարգում Ղարաբաղի խնդրին զուգահեռ դրվեցին ինքնիշխանության վերականգնման և ժողովրդավարության հաստատման պահանջներ:

 

88-ի շարժման հզոր էներգետիկան հնարավոր դարձրեց Հայաստանի անկախության վերականգնումը, հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում, քաղաքական-տնտեսական բարեփոխումների իրականացումը: 90-ականների առաջին կեսին մենք հաջողեցինք հենց ժողովրդավարության ռեսուրսի, Ազատության հրապարակում ձևակերպված գաղափարների, ազգային համաձայնության իրական և կենսունակ համակարգի շնորհիվ:

 

90-ականների կեսերից Հայաստանը նահանջեց ժողովրդավարության և ազատ տնտեսության դիրքերից: «Հայկական թերմիդորականության» հաղթանակը Հայաստանում հաստատեց քրեաօլիգարխիայի քաղաքական և տնտեսական մենաշնորհ: Երրորդ հանրապետության հաստատումից 25 տարի անց Հայաստանի անկախությունը խիստ հարաբերական է: Գլխավորապես այն պատճառով, որ քաղաքացիներն ազատ չեն և չեն հանդիսանում իշխանության միակ, իրական կրողը:

 

Հենց սրանից են գալիս մեր բոլոր արտաքին և ներքին պրոբլեմները: Մեր պետությունն ու հասարակությունը դադարել են երազել, առաջ քաշել հավակնոտ օրակարգեր ու նախաձեռնություններ:

 

25 տարի անց մենք վերադարձել ենք ի շրջանս յուր՝ Ռուսաստանից ունեցած մեր կախվածությամբ:

 

Անկախության հռչակումից 25 տարի անց, մենք նոր 88-ի ազատության կարգախոսով, նոր համաժողովրդական շարժան անհրաժեշտություն ունենք:

 

Միայն այդ դեպքում քրեաօլիգարխիան կդադարի խժռել պետության բովանդակությունը: Միայն այդ դեպքում պետության հիմքը կդառնա քաղաքացին՝ իր ազատություններով և բարեկեցությամբ: Միայն այդ դեպքում սեպտեմբերի 21-ը կլինի իրական տոն ու անկախությունը կունենա բովանդակություն:

 

Սարգիս Հակոբյան