Նախընտրական Գյումրիում օրեր առաջ տեղի ունեցած դժբախտ դեպքը՝ ԲՀԿ-ի թեկնածու Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդու՝ Արշակ Գրիգորյանի, սպանությունը խաթարել է քաղաքի անդորրը։ Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներից Գյումրի է գալիս Վարդևան Գրիգորյանի քույրը, Մոսկվայից՝ եղբայրը՝ Վարիկ Գրիգորյանը, և որդիները։ Արշակ Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա, հավանաբար, վաղը։

 

Նշենք, որ 26-ամյա Արշակին գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտանբերել էին իրենց տան նկուղում։ Միանգամից քրեական գործ հարուցվեց ինքնասպանության դրդելու հոդվածով։ Սակայն, դա այնքան էլ արժանահավատ չէ։ Արշակի հարազատները չեն հավատում այդ վարկածին, մանավանդ այն դեպքում, որ Արշակը ձախլիկ է եղել ու չէր կարող իրեն աջ կողմից կրակել։ Դա հայտարարել են նաև ԲՀԿ-ականները։ Հարազատների պնդմամբ՝ իրենց որդին ինքնասպանություն անելու որևէ պատճառ չի ունեցել։

 

Այս օրերին Գյումրիում լարված ու շիկացած մթնոլորտը պահպանվում է։ Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի հետո։ ԼՈՒՐԵՐ.com-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Արշակի եղբայրները երդվել են լուծել իրենց եղբոր վրեժը։ Ըստ այդ նույն տեղեկությունների՝ նրանք այս օրերին փնտրում են իրենց եղբորը կրակողին ու խոստացել են՝ քաղաքի կենտրոնում վառելու են, չեն վստահելու իրավապահներին։

 

Մամուլի հրապարակումների համաձայն՝ կասկածվողների ցանկում են գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի փոքր որդին և ընկերները։ Ավելին՝ ասում են, որ նրանք «իզով -թոզով» կորել են քաղաքից։ Գյումրիում անհանգիստ վիճակում է գտնվում նաև հանցագործ աշխարհը։ Նշենք, որ ավելի վաղ շրջանառվում էր նաև նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի անունը։

 

Քրիստինա Աղալարյան