Երրորդ հանրապետության 25-ամյա պատմության մեջ երեկ տեղի է ունեցել անկախության տոնին նվիրված վեցերորդ զորահանդեսը:

 

Նախորդ հինգ զորահանդեսներից երեքընվիրված են եղել անկախության հոբելյանական տարեդարձներին, սակայն հատկապես տպավորիչ են եղել մյուս երկուսը՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական բաղկացուցիչներով: 1992-ին անկախության առաջին տարեդարձին նվիրված զորահանդեսը տոնականությունից զատ ու առաջին հերթին գործնական խնդիր է լուծել: Այն ոգեշնչող մոբիլիզացիոն նշանակություն ուներ, որովհետև դրան մասնակցող կամավորականները ճակատ մեկնեցին անմիջապես հանրապետության հրապարակից: Մեկ էլ չեմ մոռանա Վազգեն Սարգսյանի հուզմունքը, ուրախության արցունքները 1995-ի սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ: Այս կադրերը դարձել են պատմական, խորհրդանշական: Վազգենին կորցնելուց հետո ավելի գնահատեցինք ու արժևորեցինք նրա ստեղծած կառույցի պետական-քաղաքական նշանակությունը:

 

Մյուս կողմից, քանի կա բանակը, նրա հայրենասեր սպան, հերոս զինվորը մենք ակնածանքով կհիշենք Եռաբլուրի բարձունքում բազմած մեծ հայորդուն՝ պաշտպանության առաջին նախարարին, ում անունը գրեթե նույնացած է բանակի, հաղթական պատերազմի հետ:

 

Երեկվա զորահանդեսը իրապես տպավորիչ էր հայկական բանակի հպարտ զինվորներով, արդիական սպառազինությամբ, և տեխինկայով:

 

Սա ղարաբաղյան առաջին և քառօրյա պատերազմներ հաղթած, հերոսների արյամբ սրբագործված բանակի զորհանդես էր: Զորահանդեսի մեկնարկին Սերժ Սարգսյանը ձևակերպեց դրա հիմնական ռազմաքաղաքական ուղերձը: «Իհարկե իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ, բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք: Մենք ունենք  մեր իրավունքը և մեր ազատությունը պաշտպանելու ուժը: Վկան այս զորահանդեսն է»,- ասել է նախագահը:

 

Զորահանդեսի՝ թեև սպասված, այնուամենայնիվ, գլխավոր ինտրիգը ռազմաքաղաքական, տարածաշրջանային համատեքստում տեղավորվող իրադարձությունը Իսկանդեր օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի ցուցադրությունն էր: Սա մեր պաշտպանական պոտենցյալի՝ բանակի հզորության ցուցադրությունն էր: Իսկանդերը օպերատիվ-մարտավարական զինատեսակ է. հաշվի առնելով տարածաշրջանային առանձնահատկությունները՝  այն ավելի քան ռազմավարական նշանակություն ունի:

 

Հայաստանի, Արցախի համար այն զսպման միջոց է, որը կարող է իր դերը խաղալ լայնամասշտաբ պատերազմի կանխարգելման հարցում: 

 

Այլ խոսքով՝ երեկվա զորահանդեսը պետք է  Ադրբեջանին հասցեագրված մեսիջ լինի՝ ձեռնպահ մնալ ռազմական հերթական ավանտյուրայից:

 

Սեպտեմբերի 21-ը հերթական առիթն է մեր բանակն արժևորելու համար: Հրաշալի է, որ ունենք լավ բանակ, որը երաշխավորում է մեր անկախությունն ու անվտանգությունը:Մյուս կողմից դա մեզ պետք է պարտավորեցնի և սթափեցնի, որովհետև բանակի հետագա հզորացումը կարող է պայմանավորվել միայն տնտեսության զարգացմամաբ:

 

Շատ լավ կլինի, որ դա համարենք երեկվա զորահանդեսի գլխավոր մեսիջներից մեկը և մեր տնտեսությունը կարգի բերելու մասին մտածենք արդեն սեպտեմբերի 22-ից:

 

Սարգիս Հակոբյան