Նախօրեին հրազենային վնասվածքից Գյումրիում մահացել է ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Վարդևան Գրիգորյանի կրտսեր որդին՝ Արշակը: Գրիգորյանը նախկինում եղել է ԱԺ պատգամավոր, երկար տարիներ զբաղեցրել է Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնը և քաղաքում մեծ ճանաչում ունեցող անձնավորություն է: Բնական է, որ հանրային կարեկցանքի ֆոնին բոլորին հետաքրքրում է այն պատճառները, հանգամանքները, որոնք հանգեցրել են այս ողբերգությանը: Մանավանդ հիմա Գյումրիում թեժ ընտրարշավ է և տեղական դիտորդի գնահատմամբ հենց Վարդևան Գրիիգորյանը ու նրա գլխավորած համամասնական ցուցակն են հանդիսանում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի դաշինքի հիմնական մրցակից:

 

Պաշտոնական վարկածը, որը շրջանառվել է ոստիկանության հաղորդմամբ և ՀՀ գլխավոր դատախազի կարճ հայտարարությամբ հերքում է սպանության վարկածը: Ըստ քննության գլխավոր վարկածի Արշակ Գրիգորյանը հայտնաբերվել է իրենց տան նկուղում. տեղի ունեցածն ինքնասպանություն է:Քաղաքական կոնյուկտուրան և նախընտրական արշավի տրամաբանությունը թերևս ստիպում են մարդկանց չհավատալ պաշտոնական վարկածին: Եթե այն հրապարակավ կասկածի տակ են դրել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ապա կենցաղային, մասնավոր զրույցներում սպանության վարկածի մասին խոսում են հազարավոր մարդիկ: Եվ սա այն պարագայում, երբ իրավապահների առաջ քաշած վարկածն այս պահին թերևս արժանահավատ է թվում:


Սակայն, եթե մարդիկ զանգվածաբար չեն հավատում այս վարկածին, ուրեմն դրա համար հիմքեր ունեն: Ընդ որում այդ հիմքերն ավելի գլոբալ են, և չեն վերաբերում կոնկրետ այդ ողբերգությանը: Մարդիկ չեն հավատում ընտրությունների ինստիտուտին և վստահ են, որ ընտրական գործընթացը Հայաստանում պետք է որպես կանոն ուղեկցվի բռնություններով և սպանություններով: Հենց այս տրամաբանության մեջ է, որ Գյումրիում շրջանառվում է մի խոսակցություն, թե Արշակի սպանությունը կամ ինքնասպանությունը հետևանք են քարոզչական մի պաստառի, որի հեղինակների նպատակը եղել է Վարդևան Գրիգորյանի դեմ սև քարոզչություն իրականացնելը:

Բնականաբար, այս վարկածն ուղղված է գործող քաղաքապետ  Ս. Բալասանյանի և նրա կողմնակիցների դեմ: Կա մեկ ուրիշ ոչ պակաս կարևոր հանգամանք, որ մարդկանց ստիպում է չհավատալ տեղի ունեցածի պաշտոնական վարկածին: Սա նույնպես ուղղակի կապ չունի այս ողբերգության հետ և դարձյալ ավելի գլոբալ պատճառներ ունի: Մեր հասարակությունը տոտալ անվստահություն ունի քննություն, արդարադատություն իրականացնող մարմինների հանդեպ: Այս համակարգը մեր երկրում պատժել է բազմաթիվ անմեղների՝ կանգնելով իրական հանցագործների թիկունքին: Օրենքը պաշտպանելու փոխարեն, հանդես է եկել զոռբայության և բռնության դիրքերից:Մեր պետական կառույցները հանրության մոտ ունեն զրոյական հեղինակություն ու դա է գլխավոր պատճառը, որ մարդիկ չեն հավատում Արշակ Գրիգորյանի ինքնասպանության վարկածին՝ անկախ դրա հիմնավոր կամ անհիմն լինելուց:

 

Իրավապահները պարտավոր են բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ պարզել այս ողբերգության իրական պատճառները:

 

Բացահայտել հանցագործությունը, եթե գործ ունենք սպանության հետ, կամ նշել այն դրդապատճառները, որոնք հանգեցրել են ինքնասպանության:

 

Մարդիկ պետք է ներքուստ համոզված լինեն, որ տեղի ունեցածն իսկապես առնչություն չունի ընտրական գործընթացի հետ:

Սարգիս Հակոբյան