BPA ընկերության նախագահ ՎՐՈՒՅՐ ՓԵՆԵՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում պատմեց, որ երկու տարի է անընդմեջ կազմակերպում է «Ինվեստ Արմենիա»ներդրումային համաժողովները: Իսկ այս անգամ հանդես է գալու նոր նախաձեռնությամբ: Հոկտեմբերի 28-ին տեղի կունենա Հայաստանի զբոսաշրջության պոտենցիալին եւ հետագա զարգացմանը միտված «Welcome to Armenia» ("Բարի գալուստ, Հայաստա՛ն") զբոսաշրջային համաժողովը:

 

Համաժողովին ներկայացվելու են նաեւ նոր ոչ ավանդական զբոսաշրջային փաթեթներ, դրանք տուրիզմի այն ուղղություններն են, որոնք մինչ օրս, կարելի է ասել, չի օգտագործվել Հայաստանում, որոնք, սակայն ամբողջ աշխարհում պահանջարկ են վայելում: Մասնավորապես, այսօր հանրապետությունում աշխատանքներ են տարվում, որպեսզի ստեղծվի էնոթերապիա (գինեբուժություն), որը Հայաստանում նորամուծություն է լինելու, ինչի շնորհիվ զբոսաշրջիկները (եւ ոչ միայն) կարող են Հայաստանում հանգստանալու ընթացքում գինու բուժիչ լոգանքներ ընդունել:

 

Առաջիկայում կիրականացվի նաեւ անձավաբուժությունը (աղաբուժություն): Հայաստանում է գտնվում տարածաշրջանում գործող միակ աղի հանքավայրը, որը մինչեւ 312մ. խորություն ունի: Այսուհետ զբոսաշրջիկները կարող են վերելակով իջնել մինչեւ 213մ խորության վրա, որտեղ էլ, բացի աղի միջոցով բուժում ստանալուց, կկարողանան կազմակերպել իրենց միջոցառումները կամ ականատես լինեն գործող աղի հանքի աշխատանքներին: Գործնականում եղել են դեպքեր, որ օտարերկրացիները այցելել են աղի հանք' 3-4 ժամ բուժում են անցել, բայց համաժողովում առաջին անգամ այն առաջարկվելու է որպես տուր փաթեթ: