Չգիտեմ՝ ինչպիսի ավարտ կունենա Վանաձորի քաղաքային ընտրությունները, սակայն առայժմ դրանք հանրային ուշադրության կենտրոնում են` ընդդիմադիր ճամբարում տեղի ունեցող սահմանազատումներով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում կառավարող ՀՀԿ-ին գլխավորապես ընդդիմանում է ոչ թե այդ կարգավիճակում հանդես եկող երկարամյա կուսակցություն, այլ՝ նորաստեղծ մի քաղաքական ուժ՝ «Լուսավոր Հայաստանը», որն ունի վանաձորյան հետագիծ:

 

Սակայն, Էդմոն Մարուքյանի կուսակցությունը քարոզարշավի ընթացքում չկարողացավ ամրապնդել ֆավորիտի իր կարգավիճակը և տակտիկական առումով առնվազն կոռեկտ չէր իրենց օգտին ինքնաբացարկ հայտնելու՝ մյուս ընդդիմադիրներին ուղղված Մարուքյանի կոչը:

 

Նախ իրական համախմբումը տեղի է ունենում ոչ թե կոչերով, այլ՝ այլընտրանքային անվիճելի բևեռ դառնալով: Կրկնում եմ՝ այսօրվա Վանաձորում ԼՀԿ-ն նման դիրքեր չունի: Մյուս կողմից` կառավարման խորհրդարանական մոդելը, որի տրամաբանությամբ անցկացվելու է Վանաձորի ավագանու ընտրությունները «սև-սպիտակի» մրցակցություն չեն ենթադրում:


Սրանով են այս ընտրությունները տարբեր, մեծամասնական տրամաբանությունից, երբ հաղթողը ստանում է ամբողջը, պարտվողը՝ ոչինչ: Ինչևէ, Վանաձորի ընտրարշավի մյուս մասնակիցներըՄարուքյանի կոչից մի թեթև նեղսրտեցին, բայց նրան հարձակման թիրախ չդարձրին:

 

Այդպես վարվեց միայն Նիկոլ Փաշինյանը, ով դարձյալ, հավանաբար ավելի ոգևորված Նոր Կյանք գյուղում իր կուսակցի հաղթանակից, որոշեց զարգացնել իր «մեկ ընդդիմություն» թեզը՝ ճգնելով ապացուցել, որ ԼՀԿ-ն իրական ընդդիմություն չէ: ՔՊԿ-ԼՀԿ հետագա բանավեճը շարունակվեց հայտնի հեքիաթի «քյաչալ շուն-գող փիսո» մոտիվներով:


Ի վերջո Վանաձորի ընդդիմությունը մնաց անմիաբան, ավելին՝ փոխադարձաբար վարկաբեկված, ինչի հետևանքով այս քաղաքում կտրուկ մեծացել է ՀՀԿ իշխանության վերարտադրության հեռանկարը:


Այսքանով ՔՊԿ-ԼՀԿ հակադրությունը, ըստ էության, փակում է իր վանաձորյան էջը, մեզ տեղափոխելով Երևան, մանավանդ՝ այստեղ են թաքնված այդ հակադրության արմատները:Իրականում, տարիներ առաջ Բաղրամյան 26-ում կամ դրան հարակից կենտրոններից մեկում, մշակվել էր նոր լիբերալ ընդդիմության կոնցեպցիա:


Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանը պետք է ստեղծեին նոր տիպի ընդդիմություն:Ըստ իշխանության սցենարի՝ Նիկոլը դա պետք է աներ «հեղափոխական» ճանապարհով, արդեն գործող ընդդիմությանը քարկոծելու, վարկաբեկելու միջոցով, իսկ Էդմոնի հիմնական առաքելությունը«քաղաքացիականներին» միավորելն էր:

 

Բաղրամյան 26-ի նախագծի համաձայն՝ այս երկու նորաստեղծ կուսակցությունների թիրախի դերում պետք է լինեին իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ընդդիմադիրները և Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Այս «առաքելությունը» հաջող կատարելուց հետո ձևավորվելու էր ՔՊԿ-ԼՀԿ դաշինք Փաշինյան-Մարուքյան տանդեմով, որի համար ապագա խորհրդարանում երաշխավորվելու էր անցողիկության շեմ:

 

Բայց ուրբաթը շաբաթից շուտ եկավ: 2015-ի սկզբից Հայաստանում չկա պոտենցիալ ունեցող ընդդիմություն, իսկ նրա բեկորները այս օրերին իշխանությունների հետ քննարկում են ապագա ԱԺ-ում իրենց մանդատների հարցը: Չկա նաև Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Այնպես ստացվեց, որ թե’ ՔՊԿ-ն և թե’ ԼՀԿ-ն, Բաղրամյան 26-ի համար կորցրեցին իրենց նշանակությունը:


Երեկվա պոտենցիալ դաշնակիցները այսօր դարձել են անհաշտ թշնամիներ ու խնդիրը ոչ Վանաձորի, ոչ էլ հանրապետության ընդդիմադիր ձայների համար պայքարը չէ: Փաշինյան-Մարուքյան «մենամարտը» մեկ «հանդիսատես» ունի, ով գտնվում է Բաղրամյան 26-ում, սակայն արդեն ժամանակավրեպ է համարում իր երբեմնի «զինվորների» գզվռտոցին հետևելը:

 

Սարգիս Հակոբյան