Անցնող շաբաթվա իրադարձությունների առանցքում դարձյալ կառավարությունն էր՝ արդեն կատարված և սպասվելիք կադրային փոփոխություններով, կաբինետի առաջնահերթությունների ու ծրագրերի շուրջ կանխատեսումներով: Նաև քաղաքական ինտրիգները, որոնք մասնավորապես պայմանավորված են Կարեն Կարապետյանի և ՀՅԴ-ի չկարգավորվող հարաբերություններով: Ինչպեսև կանխատեսել էի այս հարցում միջանկյալ մի լուծում գտնվեց, որը կգործի մինչև խորհրդարանական ընտրությունները: Վարչապետն այս պատմությունից պարզերես դուրս եկավ այն իմաստով, որ իր համար առաջնային համարվող տնտեսական բլոկում դաշնակցական Արծվիկ Մինասյանն, այնուամենայնիվ, չվերանշանակվեց: Մյուս կողմից, եթե Մինասյանը պահպանում է նախարարական կարգավիճակը թեկուզև Էկոլոգիայի նախարարությունում, սա խոսում է նախարարությունները «սորտավորելու» ոչ այնքան ճիշտ մոտեցման մասին: ՀՅԴ-ի հետ կապված պատմությունը փաստեց նաև, որ կադրային քաղաքականության մասով հարաբերական են նոր վարչապետի ազատության մասին պնդումները: Կարեն Կարապետյանն առայժմ չունի քաղաքական և հանրային այնպիսի հենարան, որ կարողանա չեղարկել Սերժ Սարգսյան-ՀՅԴ պայմանավորվածությունը:

 

Ավանդական կուսակցությունը պահպանեց իր երեք նախարարական պորտֆելները, այսինքն՝ այն վարչական ֆինանսական ռեսուրսները, որոնք նրան թույլ կտան հաջորդ տարի ևս ներկայացված լինել խորհրդարանում: Սակայն, ՀՅԴ-ն վերջնականապես կորցրեց իր քաղաքական դեմքն ու սկզբունքայնությունը: Սոցիալիստ ընկերներին հետաքրքրում է իշխանությունն ու փողը, և նրանց համար նույնիսկ անկարևոր է դառնում, թե իրենց ներկայացուցիչը որտեղ և ինչ պայմաններով է նախարար դառնում:

 

Սակայն վերադառնամ Կ. Կարապետյանին և կատարեմ մեկ դիտարկում ևս: «Պրիմիտիվ գողություն», «ժանգոտած կառավարման համակարգ» արտահայտություններով նա դիպուկ բնորոշում է ընթացիկ վիճակը, սակայն այնպիսի տպավորություն է, թե Կարեն Կարապետյանի մոտ բացակայում է առաջիկա գործողությունների հստակ ծրագիր, և նա ընթացքում է որոշակի սրբագրումներ կատարում իր քայլերում: Օրինակ, կաբինետի 1/3-ում արդեն արված էին նշանակումները, երբ նա նախաձեռնեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները:

 

Սա պայմանավորված է կամ գործողությունների հստակ ծրագրի բացակայությամբ, կամ էլ այն հանգամանքով, որ Կ. Կարապետյանը ժամանակ է շահում՝ համակարգից եկող ինչ-որ մարտահրավերներ հաղթահարելու և ավելի անկաշկանդ գործելու համար:

 

Երկրորդ վարկածն անշուշտ տեղ ունի, եթե հիշենք նույն ՀՅԴ համառությունը, կամ հենց Գագիկ Բեգլարյանի դեմարշը, երբ նա չժամանեց նոր նախարարի ներկայացմանը: Ինչևէ արձանագրեմ, որ միջանկյալ է նաև վարչապետի ներկայացրած կառուցվածքային փոփոխություները: Նախարարությունների թիվը 20-ից դարձավ 19-ը, սակայն ըստ նոր սահամանադրության չպետք է գերազանցի 17-ը:

 

Ըստ ամենայնի Կարապետյանին չի հաջողվել գնալ համապարփակ բարեփոխման, որովհետև որոշ նախարարների թեկուզև միջանկյալ պաշտոնավարման համար, նա ստացել է «ազդեցիկ խնդրանքներ»: Կառուցվածքային ռեֆորմի մյուս անկատարությունն այն է, որ լուծում չտրվեց կառավարության առընթեր յոթ մարմինների ճակատագրին, ավելին, այդ թիվը մեկով ավելացավ ի հաշիվ քաղաքաշինության նախարարության լուծարման: 2018-ին դարձյալ նոր սահանադրության ուժով առընթեր մարմիններն ու կոմիտեները պետք է վերացվեն' տարալուծվելով նախարարությունների կառուցվածքում:

 

Կ. Կարապետյանն առաջնահերթույթուն է համարում նաև պետական ծախսերի կրճատումը, սակայն ակնհայտ է, որ կարճ ժամկետում հնարավոր չի լինի վերանայել հին տրամաբանությամբ կազմված հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Անշուշտ դժվար է լինելու նոր քաղաքականություն իրականացնել քրեաօլիգարխիկ կնիք ունեցող բյուջեով:

 

Սակայն կառավարության վերջին նիստը մեկ դրական սիգնալ տվել է: Կ. Կարապետյանն ընդամենը մեկ, բայց բովանդակային նախադասությամբ անդրադարձել է խաղողի մթերումների հարցին: Այն դրական ազդակ հանդիսացավ, և սոցիալական բունտի խորհրդանիշ դարձած Աղավնաձորում, գոնե ժամանակավորապես դադարեցին տարերային հուզումները:

 

Սարգիս Հակոբյան