Ծայրահեղությունների ազգ ենք: Ապրիլյան պատերազմի օրերին, երբ հողին էինք հանձնում նահատակված մեր հերոսներին, շեշտը դնում էինք մեր բանակի մարտունակության, սպայի խորաթափանցության, զինվորի հերոսության վրա: Ոչ հեռավոր այդ օրերին մեր մտածողությունն ավելի ռացիոնալ էր, որովհետև կարողացանք հաղթահարել «ավանդական բարեկամության» մասին միֆը: Միֆազուրկ պրագմատիզմը դարձավ հանրային մտածողություն: Նույնիսկ ձևավորեց մեր պաշտոնյաների մեկ-երկու երկչոտ հանդիմանություն՝ հասցեագրված դաշնակից Ռուսաստանին, որի վաճառած սպառազինությունը խլեց մեր հերոսների, անօգնական ծերունիների և անմեղ պատանիների կյանքեր: Անկեղծորեն կարծում էի, որ սթափ մտածողությունը նոր որակ պետք է հաղորդի անկախության 25-րդ տարեդարձի հանրային ընկալմանը՝ պետական վերաբերմունքի տեսանկյունից:

 

Իսկ հիմա մտածում եմ, որ եթե սեպտեմբերի 21-ին Իսկանդերը ցուցադրված չլիներ,  ո՛չ տոնը,  ո՛չ էլ զորահանդեսը, հիշատակության արժանի ոչինչ չէին ունենալու: Ես չեմ նսեմացնում այն ռազմավարական նշանակությունը, պատերազմ զսպող այն հանգամանքը, որ Իսկանդերն ունի: Այս առումով ես էլ եմ հպարտ և ուրախ: Բայց նաև վախենում եմ  համընդհանուր փսիխոզից, որովհետև նույնիսկամենահզոր զինատեսակը չի կարող ստվերել անկախության տոնը, չի կարող դառնալ անվտանգության հիմնասյուն ու բացառիկ գառանտ: Առավել ևս չի կարող խորհրդանշել մի ամբողջ տոն:


Չեմ ուզում, որ Իսկանդերը քողարկի մեր բոլոր բացերը, հագուրդ տա մեր սնապաշտությանը, բթացնի մեր զգոնությունը:

 

Իսկանդերը միջուկային ռումբ չէ, որ ոչնչացնի մի ամբողջ քաղաք: Սա հզոր զենք է, բայց նրա հարվածը չի հասցնում այն նույն ռազմակամ, հումանիտար, ենթակառուցվածքային, բնապահպանական հետևանքները, ինչ-որ միջուկային զենքը:

 

Պետք է հասկանալ, որ սա պատերազմի ժամանակ վերջին ռեսուրսն է: Սակայն նույն քառօրյա պատերազմի փորձը ցույց է տալիս, որ հիմնական մարտահրավերը ոչ թե լայնածավալ, այլ լոկ ռազմական գործողություններն են՝ միանգամայն այլ պատրաստություն ենթադրող ենթակառուցվածքներով:

 

Այո, իսկանդեր ունենալը ձեռքբերում է, սակայն հուսամ, որ մեզ ոգևորում է ոչ թե Բաքուն թիրախավորելու հեռանկարը, այլ այնպիսի արդյունավետ համակարգի ստեղծումը, երբ հնարավոր կդառնա Հայաստանի և Արցախի ազատությունը, խոսքի ընդգրկուն իմաստով: Երբ այս տրամաբանությունը գերիշխող դառնա, ապա անկախության գոնե երեսուներորդ տարեդարձին, մենք կհպարտանանք ոչ թե իսկանդերով, այլ մեր քաղաքական ու տնտեսական մրցունակ համակարգերով, որոնց հիմքում կայանալու է քաղաքացու ազատությունը, ինչպես նաև ստեղծագործական պոտենցյալը դրսևրելու նրա հնարավորությունները:

 

Պետության գլխավոր սուբյեկտը մարդն է, ով իսկանդեր ստեղծելուց բացի, ստեղծում է բարիքներ, որոնց շնորհիվ մենք իրապես կարող ենք արժևորել ցանկացած տոն և միաժամանակ երաշխավորել երկրի զարգացումը:

 

Սարգիս Հակոբյան