Կասպից ծովում տեղակայված' Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերության «Գյունեշլի» նավթագազարդյունահանող վարչության N71 հանքահորի N19 հարթակում վերանորոգման աշխատանքների արդյունքում այսօր հրդեհ է բռկնվել' հորատանցքից ցածր ճնշման գազի արտահոսքի պատճառով:

 

Չնայած ձեռնարկված արտակարգ միջոցառումներին, ավելի քան 9 ժամ է, հրդեհը մարել չի հաջողվում:

 

Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, գազային շատրվանի վերացմանն ուղղված աշխատանքներին ներգրավված է Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության հակահրդեհային անվտանգության ծառայության 9 հրշեջ նավ:
Այս պահին հանքահորի 69 աշխատակիցները էվակուացվել են, սակայն հորատանցքից գազի արտանետումը կասեցնել և հրդեհը մարել չի հաջողվում:

 

Հիշեցնենք, որ 2015-ին ձմռանը նույն հանքահորի մեկ այլ հարթակում բռնկված հրդեհն Ադրբեջանի պատմության մեջ խոշորագույն վթարն էր:

 

Նշենք նաև, որ 1980-ից շահագործման հանձնված «Գյունեշլի» հանքահորը, որտեղ SOCAR-ը նավթ և գազ է արտահանում առանց արտասահմանյան ընկերությունների մասնակցության, ապահովում է SOCAR-ի նավթարդյունաբերության 65%-ը: