2013-ի նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը խոստանում էր ԵՄ-ի հետ կնքել ասոցացման համաձայնագիր: Հայաստանի իշխանությունները, որպես կանոն նախընտրական փուլում «արևմտամետ» են դառնում՝ ընտրական գործընթացի նկատմամբ եվրոպական կառույցների բարեհաճությունն ապահովելու համար:

 

Սակայն, դա չի խանգարում, որ հետընտրական փուլում Հայաստանի իշխանությունը վերադառնա իր «բնական» վիճակին: 2013-ին հենց այդպես էլ եղավ: Մեկ գիշերվա ընթացքում Հայաստանի իշխանությունները հասկացան, որ մեր երկրի «փրկության բանալին» ոչ թե անհասանելի եվրոպաներում է, այլ հարազատ Մոսկվայում: 2013-ի սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է անդամագրվել ԵՏՄ-ին, դա անակնկալ էր միայն միամիտների ու քաղաքական նորելուկների համար:

 

Բլեֆը միշտ եղել է Հայաստանի իշխանությունների քաղաքականության առանցքում: Նրանք հյուսիսում կամ արևմուտքում տվել են հավատարմության երդումներ, որոնք կարող են իրարամերժ լինել, սակայն ուղղված են եղել սեփական իշխանության ամրապնդմանը:

 

Առջևում դարձյալ ընտրություններ են ու կրկին ՀՀԿ գործիչները փորձում են շոյել եվրոպացիների ականջները՝ եվրասիական չուլանից հնչեցնելով խիստ արևմտամետ գաղափարներ: Օրինակ, ինտելեկտուալ Արմեն Աշոտյանը պետական պարապուրդի շրջանում երկար խորհել է ու հանգել փայլուն մի լուծման: 

 

«Հավատում եմ, որ հնարավոր է կառուցել եվրոպական երկիր՝ եվրասիական տարածքում», -ասել է ՀՀԿ փոխնախագահը: Իհարկե, նա չի մանրամասնել՝ խոսքը տվյալ պարագայում Եվրասիա աշխարհագրակա՞ն, թե՝ աշխարհաքաղաքական տարածքի մասին է:

 

Թերևս Աշոտյանը մտածել է, որ ինչքան խուճուճ ձևակերպի մտքերը, այնքան՝ լավ: Այդպես ավելի դյուրին է բլեֆը մատուցելը: Իհարկե, Աշոտյանն իրականում ուզում է ասել, որ կարող ենք եվրոպական երկիր դառնալ՝ ԵՏՄ-ում լինելով: Աշոտյանը սիրում է ուրիշների համար լիկբեզով զբաղվել: Մի փոքր լիկբեզ էլ ես անեմ հատուկ նրա համար: Երբ որևէ երկիր ինչ-որ միություն է ընտրում, ապա ավտոմատ դառնում է դրանում հաստատված քաղաքակրթական,  քաղաքական մշակույթի, գրված և չգրված կանոնների կրողը: Հնարավոր չէ ընկերություն անել ԽՍՀՄ քայքայումը ողբերգություն համարող Պուտինի , իրենց իշխանությունը հավերժացնող Նազարբաևի և Լուկաշենկոյի հետ և դեմոկրատ մնալ: Եթե նկատեցիք, ես ոչ թե պետությունների, այլ առաջնորդների անուններ թվարկեցի, բովանդակության մեջ ԵՏՄ-ն ոչ թե պետությունների միություն է, այլ հենց ավտորիտար առաջնորդների ակումբ: Ըստ այդմ՝ այդ ակումբի որևէ մասնակից չի կարող ոչ միայն  եվրոպական երկրի ղեկավար լինել, այլ նույնիսկ ժողովրդավարական նկրտումներ ունենալ:

 

Եվրոպական երկրները միավորվել են ռացիոնալ հենքով. ԵՏՄ-ն հակադրման իռացիոնալ գործիք է: Հենց Եվրոպային հակադրվող գործիք, այն Եվրոպային, որն իդեալ է Աշոտյանի համար:

 

Իհարկե, այս ճշմարտություններն անգիր գիտեն թե՛ Աշոտյանը,  թե՛ նրա խոսքի եվրոպական հասցեատերերը: ՀՀԿ փոխնախագահը գիտի, որ մեղմ ասած ստում է, բայց հույսով է, թե այդ ստին Եվրոպայում կուզեն հավատալ: Եվրոպայում գիտեն, որ իրենց ստում են, բայց ձևացնում են, թե իբր հավատում են Աշոտյանի ասածներին:

 

Դե քաղաքական բարեկրթությունից և նպատակահարմարությունից դրդված:

Սարգիս Հակոբյան