ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առայժմ չի ցանկանում անդրադառնալ այլ պաշտոնում իր նշանակվելու մասին լուրերին, սակայն չի էլ հերքում կամ հաստատում, որ եղել է նման առաջարկ: Մինասյանը նախ լրագրողներին հորդորում է սպասել, մինչև համապատասխան որոշումը կլինի, ապա հստակեցնում է, որ ցանկացած ոլորտում ինքը պատրաստ է աշխատել և ցանկացած հարց քննարկել: Իսկ, թե ինքն անձամբ արդեն համաձայնել է զբաղեցնել ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, Ա. Մինասյանը կրկին լռում է:

 

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նախարարի պաշտոնակատարին կարծես դուր չեկավ հարցը և նա դժվարացավ պատասխանել հարցին՝ պատրա՞ստ է արդյոք զբաղեցնել ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը: «Ես կարծում եմ պատշաճ չէ այդ հարցին հիմա պատասխանելը, քանի դեռ չի ձևավորվել նոր կառավարությունը և չկան համապատասխան հրամանագրեր: Չափազանց բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի դիրքն ու տեղը: Գոնե այս պահին դժվարանում եմ  պատասխանել: Կա գործող նախարարի պաշտոնակատար և քանի դեռ չկա այլ հրամանագիր, այդ հարցին թույլ տվեք չպատասխանել: Կգա ժամանակը, կխոսենք: Դա ես ձեզ խոստանում եմ»,- ասաց նա:

 

Հարցին՝ դուք համաձայնե՞լ եք արդեն այդ պաշտոնում նշանակվել՝ Ա. Մինասյանը խուսափեց պատասխանել: «Ես կարող եմ այս պահին միայն էկոնոմիկայի նախարարության մասին խոսել»,- ընդգծեց նա:

 

Իսկ առհասարակ՝ Ա. Մինասյանը վստահեցնում է, որ էկոնոմիկայի ոլորտում ինքն, համենայն դեպս, արել է ամեն ինչ, որպեսզի ոլորտում առկա խնդիրներն համեմատաբար մեղմվեն: Նրա խոսքով՝ կայուն զարգացման հիմնարար սկզնուքները՝ երեք առանցքային ուղղություններն են, որի շուրջ էլ ցանկացած նախարար պետք է աշխատի, իսկ ինքը շարունակում է այդպես աշխատել: «Աշխատանքում ցանկացած որոշում պետք է համապատասխանի երեք չափանիշների՝ տնտեսություն կամ տնտեսական արդունավետության, սոցիալական ապահովության և էկոլոգիական խնդիրների պատշաճ լուծում: Այսինքն՝ ես կարծում եմ, որ բնությունից վերցվածը պետք է վերադարձվի բնությանը, իսկ բնության շահագործումը պետք է լինի ողջամիտ, որպեսզի կարողանանք կայուն զարգացման հիմնարար սկզբունքներն առաջ տանել»,- հավելեց նա:

 

Հարցին՝ Ա. Մինասյանը կկարողանա լուծել նաև բնապահպանական ոլորտի խնդիրները, նախարարի պաշտոնակատարն ավելացրեց, որ իր համար ցանկացած ոլորտում առաջնայինը շարունակում է մնալ սահմանադրւթյունը և ընդգծեց, որ շրջակա միջավայրի պահպանությունն ու վերականգնումը, ինչպես նաև դրանց ողջամիտ օգտագործումը պետական և հանրային իշխանության հիմնական պարտավորությունն է, որը նաև գալիք սերունդների առջև պատասխանատվության զգացում է: «Սա է, որ պետք է առաջնորդի ու կառավարի ցանկացած ղեկավարի, ցանկացած նախարարի»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է նախարարության անվանափոխությանն, ապա Ա. Մինասյանը նշեց, որ ինքն այդ հարցի հետ կապված արդեն իր տեսակետն հայտնել է, և ավելացրեց, որ այն չի փոխվել: «Ինձ մտահոգում է այն, որ ցանկացած որոշում նաև առանձնակի ֆինանսական հետևանք է առաջացնում, իսկ մյուս կողմից՝ անվանումն ինքը պետք է բովանդակությունն արտահայտի: Ես մնում եմ այն տեսակետին, որ էկոնոմիկա անվանումը հայերենով կարող ենք տնտեսություն թարգմանել»,- ասաց նա:

 

Մինասյանը չհամաձայնեց, որ նախարարության անվանափոխությունը ձև է՝ առանց բովանդակության, և հավելեց, որ Էկոնոմիկայի մեջ մտնում է ամեն ինչ, ինչը կապած է մարդկանց պահանջմունքների հետ: «Բովանդակություն, ուղղվածություն անշուշտ կա: Էկոնոմիկայի մեջ մտնում է ամեն ինչ, այդ թվում՝ մարդկանց պահանջմունքները և ռեսուրսների սահմանափակվածության պայմաններում որոշումներ կայացնելու հնարավորությունները: Սա է ամբողջ էկոնոմիկան»,- ասաց նա:

 

Արմինե Եփրեմյան