Այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել կառավարության ներկայացրած «Ֆինանսական համահարթեցման» մասին օրենքի նախագիծը, որն օրենսդիրին ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը:

 

Նախագծի վերաբերյալ իր կարծիքը հայտնեց ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ով դեմ է առաջարկվող նախագծին, քանի որ այն, ըստ պատգամավորի, կիսատ-պռատ, առանց ֆունդամենտի սխալ օրենք է:


«Դու ո՞նց ես հետևելու, պարոն Տերտերյան, որ այս օրենքն ընդունելուց հետո թափանցիկ ձևով աշխատի»,- հարցրեց Բագրատյանը նախագիծը զեկուցողին՝ հավելելով, որ հիմնական խնդիրները թողած գործադիրը ցանկանում է երկրորդական խնդիրներին իդեալական լուծումներ տա: «Այս օրենքն այն մասին է, թե ինչպես Երևանում բաշխվեն այդ փողերը, սա մեզ համար անընդունելի է, սա արդեն լուրջ է, երկիրն այսպես երկար չի շարունակվելու»,- ասաց նա: 

 

Պատգամավորը սահմանադրությունից մեջբերում կատարեց, ըստ որի, ՏԻՄ- երին պետք է տրամադրել այնքան ռեսուրս, որպեսզի կարողանան իրականացնել իրենց գործառույթները:


«Ամեն տարի բյուջեն հաստատելիս գրում ենք, որ հարկերը տանք համայնքներին: Արդեն մոտ 15 տարի է, ինչ գույքահարկը և հողի հարկը տրվում է, բայց հարց է ծագում, ինչո՞ւ չի տրվում եկամտահարկը, ինչո՞ւ չի տրվում շահութահարկը: Ես իրավունք ունեմ սա ասելու, որովհետև, երբ վարչապետ եմ եղել՝ մենք դա տվել էինք, մենք սահմանի վրա չէինք վերցնում ԱԱՀ, պատերազմի՝ նույնիսկ ամենածանր տարիներին ես դրան չգնացի և յոլա տարանք:

 

Հիմա հաճախ նույնիսկ երկրի բարձագույն ղեկավարությունն ասում է՝ գիտեք Հայաստանում հարկերը ցածր են, ասում եմ՝ իյա, հըլը մի հատ 20% ԱԱՀ  գումարի, ստացվում է Եվրոպայում ամենաբարձր հարկերից մեկը, բա ԱԱՀ-ն խի՞ ես հաշվում հետո հետ տալիս:Ասում եմ՝ ինչքան եք ստանում ԱԱՀ՝ 450 միլիարդ, ինչքա՞ն եք հետ տալիս՝ մի քանի միլիարդ: Նորից եմ ես Ձեզ ասում, ու ես չեմ կրկնում որևէ մեկին՝ տվեք համայնքներին նաև շահութահարկից և եկամտահարկից մասնաբաժին, ընդ որում՝ չեմ կարծում շրջանառության և ԱԱՀ հարկ կարելի է տալ, դա հնարավոր չէ, դա շատ վտանգավոր է: Դուք՝ հարգելի հանրապետականներ, քաղաքական հարց եք լուծում՝ համայնքին տալով չնչին հարկեր՝ գույքահարկ և հողահարկ»,- ասաց Բագրատյանը:

 

Պատգամավորն առաջարկում է համայնքների բյուջեի 25 %-ը գույքահարկով ու հողահարկով թող փակվեն, իսկ մնացածը, թող գան Երևանից խնդրեն:

 

Պատգամավորը դիմելով իշխող հանրապետականներին ասաց. «Դուք քաղաքական հարց եք լուծում, դուք ստաբիլ կախվածություն եք ստեղծում և հիմա այդ կախվածությունը ստեղծելուց հետո գալիս  ասում եք հիմա մենք Երևանից էլ կհամահարթեցնենք, մենք էլ ենք ասում կարելի է համահարթեցնել, բայց ինչո՞ւ չի կարելի նրանց 75% տալ, պատկերացրեք օպոզիցիոն կուսակցությունից թաքուբիր ընտրվում են, չէ որ դուք տեսնում եք, եթե պառլամենտում էս կեղծումներով մի 30-40 տոկոս լինում է, ապա  840 համայնքում օպոզիցիան 5 տոկոս էլ չի անցնում որովհետև իմաստ չունի:

 

Ո՞ր մի գյուղացին օպոզիցիոն թեկնածուին կընտրի համայնքապետ, թեկուզ նա լինի լավ գործարար, որովհետև նա գիտի, որ պետք է այնպիսի մարդ լինի, որ գնա Երևանից փող բերի և սա համարում եմ լուրջ քաղաքական հարց»: