Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ Սերժ Սարգսյանը փորձում է իր համար քաղաքական ինստիտուցիոնալ նոր հենարաններ ստեղծել՝ շրջանցելով ՀՀԿ-ին: Դրա դրսևորմանը ականատես եղանք թե՛ նախարարների նշանակման գործընթացում, թե՛ նախագահի աշխատակազմում, որտեղ կադրային նշանակումները ֆունկցիոնալ առումով խիստ նպատակային են:

 

Եթե Սերժ Սարգսյանը չի վստահում ՀՀԿ-ին, ապա դրա համար պատճառներ ունի:Հիմնական պատճառը կարող է լինել հենց քաղաքական անվստահությունը: 2000-ականների սկզբից ՀՀԿ-ն ոչ թե իշխանության քաղաքական պատասխանատուն է, այլ համակարգին սերտաճած, նրանում ներծծված մի կառույց:

 

Եթե Սերժ Սարգսյանը եկել է այն համոզման, որ քրեաօլիգարխիկ համակարգն արդեն սպառնում է ոչ միայն երկրի զարգացմանը, այլև հենց իր անձնական իշխանությանն, ապա իրենից պետք է օտարի նաև ՀՀԿ-ին: Այլ կերպ չի կարող լինել, որովհետև այսօր գործ ունենք ոչ թե կառավարող կուսակցության, այլ քաղաքական մի խմբի հետ, որը քաղաքակիրթ ցուցանակ է հենց քրեաօլիգարխիան ապահով քողարկելու համար: ՀՀԿ-ի բարեփոխմանը Սարգսյանը նույնպես կանդրադառնա, բայց համակարգային տրանսֆորմացիայի մեկ այլ փուլում, երբ մյուս ինստիտուտների ֆունկցիոնալ դերակատարությունը հստակեցված կլինի:

 

Երկրում տեխնոկրատների կառավարության ստեղծմանը զուգահեռ, քաղաքական մոդելավորման գործառույթը տեղափոխվում է պետության ղեկավարի աշխատակազմ: ՀՀԿ-ում չկա մտավոր այն ներուժը, որը զբաղվի քաղաքական գործընթացների պլանավորմամբ, մոդելավորմամբ: ՀՀԿ-ն ընդամենը կատարող է լինելու, դառնալու է քաղաքական պրոյեկտի մի մաս: Տնտեսական մենեջմենթով զբաղվելու է վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմով, քաղաքական մենեջմենթով՝ նախագահի աշխատակազմը: Այնքան էլ էական չէ՝ Վիգեն Սարգսյանը կմնա՞ իր պաշոնում, թե կտեղափոխվի կառավարություն, որովհետև արդեն գծագրվել է ինստիտուցիոնալ կադրային այն բազան, որը կոչված է կյանքի կոչել Ս. Սարգսյանի քաղաքական պրոյեկտները:

 

Վերցված է Ռուսաստանի մոդելը, որտեղ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը ղեկավարում է այսպես կոչված «ուղեղային կենտրոնը», համակարգում է ներքաղաքական բլոկը: Այդ պաշտոնը վստահվել է Ալեքսան Հարությունյանին, ով անշուշտ քաղաքական հմուտ մենեջեր է և մեծապես նպաստել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հաջողություններին:

 

Այդ նույն տրամաբանության մեջ պետք է դիտարկել նաև հասարակական ճանաչված գործիչ, լրագրող Տիգրան Հակոբյանի նշանակումը հեռուստառադիոընկերության խորհրդում: Հակոբյանը կայուն արժեքներ ունեցող մտավորական է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում ղեկավարել է հեռուստառադիոյի ոլորտը, ապա էֆեկտիվ համակարգել է առաջին նախագահի 2008-ի ընտրական կամպանիայի քարոզչությունը: Մակերեսային և սուբյեկտիվ կլինի Հարությունյանի և Հակոբյանի անունները կապել Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հեռուն գնացող քաղաքական ենթադրություններով:


Նախ հայաստանյան համակարգը հարաբերական է դարձնում մարդու անխախտ պատկանելիությունը քաղաքական որևէ թիմի կամ ներիշխանական ինչ-որ խմբավորման: Կոնկրետ Ալեքսան Հարությունյանը ու Տիգրան Հակոբյանն ապացուցել են, որ արագ կարողանում են ադապտացվել քաղաքական փոփոխություններին: 

 

Եվ վերջապես, 2015-ի սահմանադրական փոփոխություններով Ս. Սարգսյանը փակել է իշխանություն վերադառնալու Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի շանսերը:


Առայժմ արձանագրենք, որ 2017-ի ընտրական ցիկլին ընդառաջ՝ Ս. Սարգսյանը ստեղծում է քաղաքական և տնտեսական մենեջմենթի արդյունավետ գործիքներ, որոնց աշխատանքի հաջողությունը կամ ձախողումը պայմանավորված է լինելու քրեաօլիգարխիայի դեմ պայքարի արդյունավետությամբ: 2017-ի ընտրական ցիկլում պայքարն ընթանալու է ոչ թե իշխանության և ընդդիմության, այլ Սերժ Սարգսյանի հին ու նոր համակարգերի միջև: Այս անսովոր հակադրության մեջ ի՞նչ դերակատարություն կունենա Սերժ Սարգսյանը՝ ցույց կտա ժամանակը:

Սարգիս Հակոբյան