ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը բյուջեի կատարողականի թերացումը բացատրում է խոշոր հարկատուների վճարումների նվազմամբ:

 

«Եթե մենք դիտարկենք խոշոր հարկատուների վճարումներն, ապա կտեսնենք, որ տնտեսական ակտիվության նվազմամբ և արտաքին շուկաների ազդեցությամբ պայմանավորած՝ խոշոր հարկ վճարողների շարքերում ունենք էական թերակատարում: Հաշվի առնելով այն, որ բյուջեն հիմնականում կառուցված է խոշոր հարկատուների վճարումների վրա, կարող ենք արձանագրել, որ հիմնական թերակատարման պատճառը սա է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտոնյան:

 

Ըստ Միրումյանի, խոշոր հարկ վճարողների տեսչությունում հաշվառված 520 տնտեսվարող սուբյեկտներից հիշյալ գործոններով պայմանավորված՝ միայն 181-ը 47 մլդ դրամ ավելի պակաս հարկ է վճարել, քան նախորդ տարիներին: «Մենք հարկերի թերակատարում չունենք, այլ ունենք հարկերի թերացումներ»,- շեշտեց պաշտոնյան:

 

Լրագրողի դիտարկմանը՝ չնայած դրան, այնուամենայնիվ, այսօր էլ որոշ պետական կառույցներում շարունակվում են չափից ավելի ճոխ գնումները, մասնավորապես ՊԵԿ-ը 1 մնլ 80 հազարով բազմոց է գնել, գրասեղաններ…., Միրումյանը հավելեց. «Ոչ թե պարտադիր են, այլ ընդհանուր առմամբ պետք է այդ ճոխ գնումները կրճատվեն: Բայց ես չեմ կարծում, որ ՊԵԿ-ում նման ճոխություններ են թույլ տալիս: Իսկ ինչ վերաբերում է թանկարժեք բազմոցին, ապա դա եղել է ոչ թե մեկ բազմոց, այլ բազմոցների կոմպլեկտ: Այն տպավորությունը, որը ստեղծվել է գնումների մասին, իրականությանը չի համապատասխանում, քանի որ մեր կառույցում ևս խնդիր է դրված առավել խնայողաբար օգտագործել գումարները և գնալ կրճատումների»,- ասաց նա:

 

Լրագրողները նշեցին, որ նույնիսկ այդ բազմոցների կոմպլեկտը կարող են ավելի մատչելի գներով ձեռք բերել, Միրումյանն արդարացավ, թե պետական գնումների ժամանակ մատչելի գներով բազմոցներ չեն առաջարկվել: «Գնումների ընթացակարգով ապրանքներն առաջարկվում են էլեկտրոնային տարբերակով: Մենք նայում ենք և ընտրում ավելի էժանը, իսկ մեզ այդպիսին չի առաջարկվել»,- ասաց նա:

 

Արմինե Եփրեմյան