Դեռ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական չէր տվել, երբ ներքաղաքական դաշտը բլթբլթում ու եռ էր գալիս տարատեսակ խոսակցություններով առ այն, որ շուտով Հայաստանում փոփոխություններ են սպասվում:

 

Եղավ ճիշտ այդպես:

 

Աբրահամյանն այլևս նախկին վարչապետ է, 2 նախարարներն էլ՝ պաշտոնակատարներ են, որոնք սպասում են վերանշանակման:

 

Սպասում են մեծ սպասումով, քանզի ներքաղաքական դաշտը շարունակում է բլթբլթալ ու եռ գալ տարատեսակ խոսակցություններով առ այն, որ նրանցից ոմանք մնալու են առանց նախարարական պորտֆելների:

 

Նրանցից մեկը ՊՆ նախարար Սերյան Օհանյանն է: Ապրիլյան պատերազմից հետո հարցը դարձել էր ամենաքննարկվողներից մեկն ու, կարծես թե, առիթ էր պետք՝ նրան դաշտից հեռացնելու համար…


Որոշ ժամանակ ակտիվորեն քննարկվում է հարցը, որ ՊՆ պորտֆելը հանձնվելու է ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին կամ ԼՂՀ պատգամավոր Վիտալի Բալասանյանին…


Այս պահին, սակայն, ամենահավանական թեկնածուն ՀՀ աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն է: Քաջատեղյակները վստահեցնում են, որ հարցն արդեն որոշված է, իսկ ՊՆ-ի մեր աղբյուրները նշում են, որ արդեն իրենք էլ ոչնչի չեն հավատում ու սպասում են, որովհետև յուրաքանչյուր րոպե իրենց մոտ տրամադրվածություն է փոխվում…
Թե ով կլինի նոր նախարարը, պարզ կլինի մինչ շաբաթվա վերջ:

 

Իսկ ու՞ր է գնալու պարոն Օհանյանը:


Ի զարմանս շատերի՝ հարցին պատասխանում է պաշտոնական Մոսկվան:


Ըստ «Интерфакс» գործակալության՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշանակվելու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնում:

 

-«Առաջիկայում Օհանյանը կազատվի պաշտպանության նախարարի պաշտոնից: Նա կզբաղեցնի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը»,-ասել է գործակալության զրուցակիցը:

 

Իհարկե, շատերս ենք հիշում, որ Օհանյանը հերքեց այդ լուրը՝ նշելով, որ նա առաջարկը չի ընդունի:

 

Սակայն, Օհանյանի ապագան ռուսական թելերով հյուսվում է ոչ միայն այս դեպքում:

 

Մանրամասնեմ:

 

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Սեյրան Օհանյանը պաշտոնից ազատվելուց հետո կղեկավարի Վիկտոր Դալլաքյանի կողմից հիմնադրվող «Շրջադարձ» կուսակցությունը:


Իսկ հիշյալ կուսակցությունը, «Ասպարեզի» աղբյուրների համաձայն, ֆինանսավորվելու է անմիջապես Ռուսաստանի Դաշնությունից:
Թեպետ, Դալլաքյանը դեռ չի հաստատում, նաև՝ չի էլ հերքում լուրը, սակայն մեր աղբյուրները նշում են, որ կուսակցության կանոնադրությունն արդեն գրված է՝ խիստ ռուսական շեշտադրությամբ, կուսակցության համար արդեն իսկ էլիտար տարածք է վարձակալվել, հայտնի է անգամ մամուլի խոսնակի անունը, ով մոտ կես տարի առաջ էր լքել լրատվական դաշտը…

 

Հարց է առաջանում՝ Օհանյանը, թողնելով նախարարի պաշտոնը, թուլացնու՞մ է դիրքերը, թե՞, ամեն դեպքում, նոր խաղացողի դերով հանդես գալիս:


Ամեն դեպքում, Մոսկվան շարունակում է ամրապնդել դիրքերը, թեպետ, նախնական գնահատականով, սա հաջողված ծրագիր չէ:

 

Անի Սահակյան