Խորհրդարանական հերթական քառօրյա նիստի ընթացքում պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, խնդրեց պատասխանել, թե ինչ պատճառով է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարտադիր ցուցադրման եթերից, այն է՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամից և կառավարության հարց-պատասխանից, միշտ հանում իր հայտարարություններն ու հարցապնդումները կառավարությանը:

 

Սահակյանը նշեց, որ թեպետ հարցն օրակարգի հետ կապ չունի, բայց պատասխանեց. «Հանրային հեռուստաընկերությունն ինձ չի ենթարկվում, որ ինչ-որ բան ասեմ, նույն բանը ես կասեմ իմ մասին, ոչ էլ ինձ են ցույց տալիս. այնպես որ՝ հեռուստացույցը ինքն իր գործը կատարում է»:

 

Շարմազանովն էլ հարցին ռեպլիկով պատասխանեց. «Սահմանադրական դատարանի որոշում կա, որ պարտադիր չէ»:


Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին չբավարարեցին Սահակյանի և Շարմազանովի պատասխանները. «Մեր, ձեր, հասարակության այլ ներկայացուցիչների, ժողովրդի գրպանից փող եք տալիս Հանրային հեռուստաընկերությանը, որպեսզի Ջաղինյան Ռուբենը կամ իրեն թելադրող, նշանակող մանկության ընկերները որոշեն, թե Ազգային ժողովի պարտադիր ցուցադրման ենթակա եթերից ում գործողությունները կտրեն, ումը՝ չկտրեն: Ես պահանջում եմ, որպեսզի դա դարձնեք քննարկման առարկա»,- ասաց Ուրիխանյանը, ում խոսքով՝ Ջաղինյանի, Հ1-ի տնօրենի սեփականությունը չէ՝ մեզ պատկանող Հանրային հեռուստաընկերությունը:

 

Շարմազանովը կրկին կարճ պարզաբանում տվեց. նա հիշեցրեց, որ ժամանակին կանոնակարգ օրենքում նման պարտադրանք կար, բայց Սահմանադրական դատարանի որոշումով հակասահմանադրական համարվեց այդ պարտադրանքը:

 

Շարմազանովի այս խոսքին տեղից միջամտեց Տիգրան Ուրիխանյանը, ում Շարմազանովը արհամարհական կերպով պատասխանեց. «Ես ձեզ առիթ չեմ տվել, երբ խոսում եմ՝ ինձ հետ հավասար խոսեք»: