Կարծեմ գործ ունենք երրորդ փորձի հետ, երբ Հայաստանում ստեղծված կառավարությունն իրեն կոչում է տեխնոկրատների կամ արհեստավարժների թիմ: Առաջին երկուսի պարագան մի փոքր այլ էր, մանավանդ, նրանք ձևավորվել են կառավարման մի համակարգում, որը նրանց պարտավորեցնում էր հաշվետու լինել բացառապես նախագահին, և, ըստ էության, որևէ պատասխանատվոթյուն չկրել խորհրդարանի առաջ:
1998-ին Ռոբերտ Քոչարյանն իշխանության եկավ «իմ կուսակցությունը ժողովուրդն է» հակաքաղաքագիտական կարգախոսով և ապաքաղաքական հենքով էլ ձևավորեց Արմեն Դարբինյանի կառավարությունը: Այդ թիմում մասնագետներ կային, բայց, մեծ հաշվով, նրանք եղանակ չէին ստեղծում ո՛չ կառավարությունում, և ո՛չ էլ իշխանությունում: Ա. Դարբինյանի կաբինետի շուրջ չկար ո՛չ քաղաքական, և ո՛չ էլ ներիշխանական կոնսենսունս, և նա գոյատևեց մի տարուց մի փոքր ավելի: 2008-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը նույնպես ձևավորվեց արհեստավարժության հիմքով, սակայն անհամեմատ երկար պաշտոնավարեց:
Իհարկե, տարիների ընթացքում Տ. Սարգսյանը փորձեց քաղաքականացվել՝ դառնալով ՀՀԿ «բաժնետերերից» մեկը, սակայն դա էլ շարժեց կուսակցության մյուս «բաժնետերերի» հակազդեցությունը, ովքեր 2014-ին իրականացրին քրեաօլիարխիկ հեղաշրջում: Հրապարակային հայտարարությունների մակարդակում Կարեն Կարապետյանի կառավարությունը ստեղծվել է հենց քրեաօլիգարխիայի վերջը տալու համար: Մարդիկ մի փոքր թերահավատ են, որ այս խնդիրը հնարավոր է լուծել տեխնոկրատների կառավարությամբ: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմից, այնքան էլ չեմ կիսում այն տեսակետը, որ դասական իմաստով գործ ունենք տեխնոկրատների կառավարության հետ: Դա գուցե ճիշտ ձևակերպում է կաբինետի տնտեսկան բլոկի համար, բայց դա դեռևս ամբողջ կառավարությունը չէ, որում շարունակում են պաշտոնավարել նաև Դավիթ Հարությունյանի կարգի ինքնուրույն գործիչները, Հովիկ Աբրահամյանի կադրերից ոմանք, կոալիցիոն դաշնակցականները և վերջապես նախարարներ, որոնց համար Կարեն Կարապետյանին միջնորդել են դրսից, թե՝ ներսից: Գործող կառավարությունն ավելի շատ նման է ներիշխանական կարկատանի:
Մյուս պատճառը, որ այսօր հնարավոր չի դարձնում տեխնոկրատ կառավարության հաստատումը, նոր սահմանադրությունն է, որի թելադրանքով մեծացվում է կուսակցությունների դերը, քաղաքականացվում են նույնիսկ տեղական իշխանությունները: Պարզ է, որ քաղաքականացումից չի կարող խուսափել կառավարությունը, որը նոր կառավարման համակարգում իշխանության գլխավոր դերակատարն է:
Տեխնոկրատների կառավարություն ձևավորած Կարեն Կարապետյանի քաղաքականացումն անխուսափելի է, որովհետև Սերժ Սարգսյանը վարչապետին է հանձնարարել «նոր ոգի» հաղորդել ՀՀԿ-ին:
Այլ խոսքով, տեխնոկրատիան այս պարագայում, ոչ թե բովանդակություն է, այլ՝ քողածածկույթ, որը կավարտվի ՀՀԿ-ի նոյեմբերյան համագումարում, երբ նոր վարչապետի «ոգին» կհաղորդվի հանրապետականներին, որոնցից ոմանք գուցե հանդգնեն հրապարակավ քննադատել Հովիկ Աբրահամյանի քրեաօլիգարխիկ կառավարությունը:
Վերջում դարձյալ վերադառնանք Կարեն Կարապետյանի և քրեաօլիգարխիայի հարաբերություններին՝ ավելի ստույգ հակադրությանը: Կարապետյանի կառավարության երկարակեցությունը, վարչապետի քաղաքական հաջողությունները պայմանավորված են բացառապես քրեաօլիգարխիայի պարտությամբ: Սա առաջին հերթին քաղաքական խնդիր է, որը կարող է լուծել հենց քաղաքական կառավարությունը: Ըստ այդմ՝ ժամանակի ընթացքում Կարապետյանը պետք է հրաժարվի, թե՛ տեխնոկրատիզմից, թե՛ առավել ևս այսօրվա «կարկատանից»:
Միայն ուժեղ կառավարությունը կարող է ապահովել առնվազն չորս-հինգ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը կարող է բարելավել մարդկանց կյանքի որակը:
Եթե այդ խնդիրը չլուծվի, ապա քրեաօլիգարխիայի ռեստավրացիան ժամանակի խնդիր է, մանավանդ՝ նոր կառավարության հանրությանն անհայտ տեխնոկրատներից ոմանք, նույն օլիգարխիկ բուրգի երկրորդ էշելոնի ներկայացուցիչներ են:
Սարգիս Հակոբյան